«Ալաշկերտը» կմեկնի ԱՄՆ
«Ալաշկերտ» ՖԱ մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Ալաշկերտն» Ամերիկայի Միացյալ Նահանգներից հրավեր է ստացել՝ մրցարջագայություն կատարելու այդ երկրում: Նախատեսվում է, որ թիմն ԱՄՆ կմեկնի 2016 թ. հունվարի վերջին:
Ուղևորության հագեցած ծրագրում, բնականաբար, նախատեսված են ընկերական հանդիպումներ ամերիկյան թիմերի հետ: Ակումբի անդրօվկիանոսյան խաղային ծրագրի հարցերով զբաղվում է հանրահայտ ամերիկյան «Ventura County Fusion» կազմակերպությունը, որը ֆուտբոլային ծրագրերի իրականացման ոլորտում լայնածավալ գործունեություն է կատարում և մեծ փորձ ունի:
«Ալաշկերտի» ընկերական միջազգային խաղերի ծրագիրն առայժմ վերջնականապես հստակեցված չէ, սակայն արդեն հայտնի է, որ առաջին խաղը թիմը կանցկացնի Ֆրեզնոյում՝ Մեքսիկայի Պրիմերա դիվիզիոնի (առաջին մակարդակ) թիմերից մեկի հետ:
Երկրորդ հանդիպումն ալաշկերտցիները կանցկացնեն ԱՄՆ-ի Սան Ջոուս քաղաքում և կմրցեն MLS-ի (առաջին մակարդակ) թիմերից մեկի հետ: Շատ հնարավոր է, որ մրցակիցը լինի հենց այդ քաղաքի թիմը, որը հանդես է գալիս MLS-ի Արևմտյան Կոնֆերենցիայում:
Ըստ ծրագրի՝ նախատեսված է անցկացնել ևս մեկ հանդիպում: Մոտակա ժամանակում հայտնի կդառնա մրցակցի անունը: Սպասվում է, որ դա կլինի MLS-ի Արևմտյան Կոնֆերենցիայի առաջատարներից մեկը՝ «Լոս Անջելես – Գելաքսին»:
«Ալաշկերտի» ֆուտբոլային պատվիրակությունը Երևան կվերադառնա փետրվարի սկզբներին, այնուհետև կմեկնի Անթալիա՝ 10-օրյա ուսումնամարզական հավաքի:
Սիրարփի Աղաբաբյան