Բաժիններ՝

«Ո՛չ թալանին»-ը ամեն պահի կարող է փողոց դուրս գալ. Մաքսիմ Սարգսյան

Ինչպես հայտնի է՝ այս տարվա սեպտեմբերի 1-ին էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարեց, որ իրենց շարժումը նոր թափ է ստանալու: Դրանից հետո՝ «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ, որի արդյունքում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի նոր սեփականատեր է դարձել «Տաշիր Գրուպի» ղեկավար, խոշոր գործարար Սամվել Կարապետյանը: Վերջինս հայտարարում է, որ «Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշել է՝ իր անձնական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015թ. օգոստոսի 1-ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար»:

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը սեպտեմբերի 11-ին կատարած բողոքի ցույցից հետո պասիվացրել է իր գործունեությունը և, կարծես, ընդհատակ է անցել: Արդյոք տեղի ունեցած գործընթացները, մասնավորապես՝ ՀԷՑ-ի վաճառքը, «Տաշիր» ընկերության հայտարարությունները, բավարարե՞լ են նախաձեռնության պահանջները:

Պատասխանելով 168.am-ի այս հարցադրումներին՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ իրենց պահանջներից որևէ մեկը չի բավարարվել, իրենց պահանջների մեջ չի ներառվել ՀԷՑ-ի վաճառքը, պարզապես սեպտեմբերի 11-ից հետո եղան գործընթացներ, որոնք նոր էին, որոնք իրենք չէին կանխատեսել:

«Կա հասկանալու խնդիր՝ ո՞ւր են տանում, որտե՞ղ են ուզում գցեն ժողովրդին, որովհետև ամեն դեպքում ինչ-որ պրոցես տանում են, իսկ մենք բոլորս էլ գիտենք, որ այս կառավարությունը և իշխանությունը երբեք որևէ մեկի օգտին բան չեն արել: Այդ պատճառով էլ այս պահին փողոցում չենք, որպեսզի փողոցային պայքարում ու մեր պահանջներում ինքնանպատակ որևէ բան չլինի, հասկանանք՝ ինչի դեմ ենք պայքարում, որտեղ ենք պայքարում, ինչ կերպ ենք պայքարում»,- նշեց Մ. Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ հիմա իրենք մասնագետների հետ են քննարկումներ, հանդիպումներ անցկացնում:

Մեր ճշտող հարցին, թե, փաստորեն, Սամվել Կարապետյանի այն հայտարարությունը, որ իր միջոցներով կառավարության հետ միասին կփոխհատուցի 2015թ. օգոստոսի 1-ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար, ձեզ չի՞ բավարարում ու հավատ չի՞ ներշնչում, Մ. Սարգսյանը պատասխանեց, որ կարծում է՝ մեծ հաշվով, դա շատերին է բավարարում, բայց անձամբ ինքը համոզված է, որ սա ինչ-որ «խաղ» է, որը որոշակի պահի վերջանալու է.

«Այսինքն՝ այստեղ բարի մարդիկ չէին՝ եկան, ասացին՝ «կսուբսիդավորենք», եթե նրանք իրոք նպատակ ունենային ժողովրդի համար ինչ-որ բան անել, ՀԷՑ-ում շատ խիստ հսկողություն կսահմանեին ու նաև ուսումնասիրություններ կանցկացնեին, կգտնեին այն թալանչիներին, որոնք թալանել ու թալանում են ՀԷՑ-ը, ու նրանց քրեական պատասխանատվության կենթարկեին, ինչը, տեսնում ենք, որ չկա, այս ամբողջ ընթացքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»:

Մեր զրուցակցի խոսքով՝ միգուցե վաղը-մյուս օրն էլ լինի այնպիսի հայտարարություն, որ նորից դուրս կհանի թե՛ իրենց, թե՛ ժողովրդին:

Հարցին էլ՝ ինչո՞ւ հիմա որևէ բան չեք ձեռնարկում, եթե ձեզ չեն բավարարում այդ հայտարարությունները, Մ. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Մեզ պետք չեն բարի քեռիներ, որ գան հայտարարեն, որ՝ «մենք ժողովրդի տեղը գումար կվճարենք», մեզ պետք է ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի ճիշտ կառավարում, որ այդ օբյեկտը չթալանվի, ու այդ դեպքում ոչ լինի թանկացման կարիք, ոչ էլ սուբսիդավորման: Բայց ինչքան էլ որ մեզ պետք չեն, ես անձամբ ժողովորդի մի մաս եմ, ու, եթե սա ժողովրդի մեծամասնությանը ձեռք է տալիս, մարդիկ հարմարվում են դրա հետ, ուրեմն՝ կսպասենք այնքան ժամանակ, մինչև իրենք կանեն իրենց հերթական կեղտոտ քայլը, համոզված եմ, որ սա այսպես չի մնա, այս ամեն ինչն արվում է ինչ-որ բանի տանելու համար, ու ինչ-որ պահի ժողովրդից կրկնակի ու եռակի վերցնելու են»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս