«ԵՏՄ-ին սպասվում է ԱՊՀ-ի ճակատագիրը կամ ավելի վատ». բելառուսցի վերլուծաբան

«ԵՄ-Բելառուս հարաբերությունները սկսում են հեռանկարային դառնալ»,- այս մասին հայաստանցի լրագրողների հետ զրույցում ասաց Բելառուսի Եվրոպական փոխակերպման կենտրոնի ղեկավար Անդրեյ Եգորովը` անդրադառնալով Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներին, Բելառուս-ԵՄ, Բելառուս-ՀՀ հարաբերություններին:

Հիշեցնենք, որ Բելառուսում հոկտեմբերի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավաքելով ընտրողների ձայների 83,49%-ը։ Սա Բելառուսի անփոփոխ նախագահի լավագույն արդյունքն է 1994 թվականի ընտրությունից մինչ այժմ:

Ընդդիմադիր «Ասա ճշմարտությունն» արշավի ակտիվիստ, Բելառուսի պատմության մեջ առաջին կին թեկնածու Տատյանա Կորոտկևիչը ստացել է ձայների 4.42 տոկոսը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սերգեյ Գայդուկևիչը՝ 3.32 տոկոսը, Բելառուսի հայրենասիրական կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ուլախովիչը՝ 1.67 տոկոսը: Բոլորին դեմ քվեարկել է ընտրողների 6.4 տոկոսը: Վերլուծաբանները նշում են, որ այս ընտրությունների արդյունքները, ինչպես նախկին Խորհրդային Միության երկրներից շատերում, որոշված էին նույնիսկ թեկնածուների՝ ընտրապայքարը սկսելուց առաջ:

Գնահատելով ընտրությունների արդյունքները` Եգորովը մեջբերեց ԵԱՀԿ-ի գնահատականը, որի համաձայն՝ Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների էլեկտրոնային արշավի ընթացքն առանձնացել է ազատ մթնոլորտով, հատկապես թեկնածուների գրանցման և քարոզարշավի անցկացման ավելի ժողովրդավար պայմաններով: «Նախորդ ընտրությունների համեմատ՝ իշխանությունները զերծ մնացին բիրտ ուժի կիրառումից և այլընտրանքային թեկնածուների, բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնաճնշումներից: Մյուս կողմից՝ այս ընտրությունները չճանաչվեցին ո՛չ ազատ, ո՛չ ժողովրդավար: Ինչպես և նախկինում, ընտրությունների արդյունքները կեղծվել են, և, ինչպես և նախկինում, դրա համար օգտագործվում էին վաղաժամ քվեարկության և քվեների հաշման մեխանիզմները: Փաստն այն է, որ ընտրական հանձնաժողովները պարզապես «նկարում են» իրենց սեփական թվերն ամփոփիչ արձանագրություններում»,- նշեց փորձագետը:

Վերջինս այն համոզմանն է, որ այլընտրանքային թեկնածուները հաղթելու հնարավորություն չեն ունեցել, և դա պարզ է եղել կես տարի առաջ՝ էլեկտրոնային արշավի մեկնարկից առաջ: Ըստ նրա` ժողովրդավարական ընդդիմությունը չկարողացավ ընտրություններից առաջ մոբիլիզանալ և հանդես գալ գործողությունների միասնական ռազմավարությամբ, որը, փաստորեն, նրան զրկեց ոչ միայն հաղթանակի հնարավորությունից, այլև գոնե այս ընտրություններին արդարացված մասնակցությունից:

«Այս ընտրություններին մասնակցում էր երեք ընդդիմադիր թեկնածու` Անատոլի Լեբեդկո, Սերգեյ Կալյակին, Տատյանա Կորոտկևիչ, և ևս երկու իշխանության դրածո թեկնածու` Նիկոլայ Ուլախովիչ և Սերգեյ Գայդուկովիչ: Եթե իշխանական թեկնածուների մասնակցության իմաստը հասկանալի էր` Լուկաշենկոյին այլընտրանք «խաղալը», ապա ժողովրդավարական ընդդիմության մասնակցությունն անիմաստ էր: Նրանցից ոչ մեկը չկարողացավ նույնիսկ դեմոկրատական օրիենտացիա ունեցող ընտրազանգվածի ուշադրությունը գրավել: Արդյունքում՝ երկուսը չկարողացան հավաքել ստորագրություններ թեկնածության առաջադրման համար, իսկ Տատյանա Կորոտկևիչը դե ֆակտո քիչ էր տարբերվում իշխանամետ թեկնածուներից, ովքեր այլընտրանք էին «խաղում»: Այսինքն` բոլոր այլընտրանքային թեկնածուները խաղում էին կամ Լուկաշենկոյի կողմից (գիտակցված կամ ոչ), կամ հետապնդում էին անձնական շահեր սեփական կառույցների կամ անձի համար»,- մեկնաբանեց բելառուսցի փորձագետը:
Խոսելով ԵՄ-Բելառուս հարաբերությունների հեռանկարից և հատկապես հարցից, թե ինչո՞ւ Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեցին, երբ խոսք է գնում դրանք վերացնելու մասին, փորձագետն ասաց, որ Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ են գործում դեռևս 1996թ.-ից՝ հակասահմանադրական հեղաշրջման, կեղծ ընտրությունների և մարդու իրավունքների մասսայական ոտնձգությունների հետևանքով, պատժամիջոցների ցանկը յուրաքանչյուր ընտրությունից հետո ընդլայնվել է:

«Բայց 2008թ. Բելառուսում ազատ արձակվեցին բոլոր քաղբանտարկյալները, և ԵՄ-ն ժամանակավորապես դադարեցրեց պատժամիջոցները, այսինքն` պատժամիջոցները գոյություն ունեին, բայց դրանց ազդեցությունը ժամանակավորապես «սառեցված» էր, և այդ «սառեցումը» յուրաքանչյուր անգամ կարող է երկարաձգվել: 2010թ. դեկտեմբերի 19-ին խաղաղ ցույցի մասնակիցների բիրտ ցրումը և այլընտրանքային թեկնածուների ձերբակալումը չեղարկեցին այս «սառեցումը» և թարմացրին պատժամիջոցների ազդեցությունը: Հիմնականում ԵՄ-ն այսկերպ արձագանքում էր Բելառուսում քաղբանտարկյալների առկայությանը, և նրանց ներկայությունը գլխավոր հիմքն էր այդ պատժամիջոցների վերսկսման համար: Այսօր Բելառուսում քաղբանտարկյալներ չկան, նրանք ազատ արձակվեցին ընտրություններից առաջ, իսկ ընտրություններն անցկացվեցին առանց մասսայական բռնաճնշումների: ԵՄ-ի համար սա պատժամիջոցները ժամանակավորապես դադարեցնելու ևս մեկ առիթ է, ինչը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերի վերջին: Հեռանկարում սա կընդլայնի Բելառուս-ԵՄ համագործակցությունը, և հնարավոր է, որ կնքվի մի համաձայնագիր ԵՄ-ի հետ, ինչպիսին քննարկվում է այսօր Հայաստանի դեպքում: Ամեն դեպքում, ցավոք, պետք է շատ լավ հասկանալ, որ Բելառուսում համակարգային փոփոխություններ չեն եղել»,- ասաց նա: Բելառուսցի փորձագետը նաև նշեց, թե ինչու է դրականորեն փոխվել ԵՄ-ի վերաբերմունքը Բելառուսի նկատմամբ: Ըստ նրա` Բելառուսը չեզոքություն պահպանեց ուկրաինական ճգնաժամի ընթացքում, Բելառուսը քիչ թե շատ իրականացրել է ԵՄ-ի պայմանները ԵՄ-Բելառուս հարաբերությունների բարելավման համար:

Անդրադառնալով ԵՏՄ հեռանկարներին` Եգորովն ասաց, որ Բելառուսի մասնակցությունն այդ պրոյեկտին չի ելնում Բելառուսի երկարաժամկետ շահերից:

Դա, ըստ փորձագետի, Բելառուսին հնարավորություն է տալիս ստանալ էժան էներգառեսուրսներ, բելառուսական ապրանքը մտցնել ռուսական շուկա: Պրակտիկորեն, նրա համոզմամբ, ԵՏՄ-ն ոչինչ չի տալիս Բելառուսին, այս երկու արտոնությունից բացի, ավելին՝ սպառնում է սահմանափակել երկրի ինքնիշխանությունը և մեծացնել կախվածությունը Ռուսաստանից:

 

 

«Եթե ԵՏՄ-ն շարունակի իր գոյությունը, ինչպես ներկայումս, ապա ԵՏՄ-ին սպասվում է ԱՊՀ-ի ճակատագիրը, այսինքն` բացառապես ֆորմալ և ոչ մեկին պիտանի մի կազմակերպություն: Երկրորդ տարբերակն ավելի տխուր է` Ռուսաստանը կարող է փորձել օգտագործել ԵՏՄ-ն նոր տեսքով և ԵՏՄ անդամ երկրների անկախության վերացմամբ կայսրության ստեղծման համար, այսինքն` ԵՏՄ-ին ոչ մի լավ բան չի սպասվում»,- ասաց նա: Վերջինս գնահատեց նաև ՀՀ-Բելառուս հարաբերությունները ԵՏՄ-ում: Բելառուսցի վերլուծաբանն ասաց, որ ԵՏՄ-ն չի նպաստում, որպեսզի Բելառուսի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերություններն ակտիվանան, քանի որ այդ շուկան ընդհանրապես չի գործում, և ԵՏՄ-ն կենսունակ չէ:

 

Տեսանյութեր

Լրահոս