17-ամյա Արմեն Մեհրաբյանի աչքի տեսողությունը վերականգնվում է
17-ամյա Արմեն Մեհրաբյանի աչքը երկաթե ձողը վնասել էր դեռ անցած տարվա ամռանը։ Նախնական բուժումից հետո Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի բնակչին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ուղեգրել էին Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ բուժումը շարունակելուց հետո խորհուրդ էին տվել անցնել մագնիսառեզոնանսային հետազոտություն և ստանալ նյարդավիրաբույժի խորհրդատվություն։ Դա տարեսկզբին էր։
Դեռ այն ժամանակ, ծանոթանալով հետազոտության արդյունքներին, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար, նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը հայտնել էր, որ տղային անհրաժեշտ է վիրահատական բուժում։ Բարձր տեխնոլոգիաների կիրառումով վիրահատությունը, սակայն, բավական թանկ էր, և ընտանիքը չէր կարողացել գնալ այդ քայլին։ Մինչդեռ տղային մշտապես անհանգստացնում էին գլխացավերը, գլխում ու ականջներում չդադարող աղմուկը։
ՀՀ առողջապահության նախարարությունն իր վրա վերցրեց տղայի բուժման կազմակերպումը։ Նույն կլինիկայում Ռուբեն Ֆանարջյանի խորհրդատվությամբ իրականացված առավել խորը հետազոտությունների արդյունքում հաստատվեց ամիսներ առաջ դրված ախտորոշումը։ Մասնագետների խումբը երկու շաբաթ քննարկել է բուժման ռազմավարությունը։
Ինվազիվ վիրահատությունը կատարվեց հոկտեմբերի 16-ին։ Վիրահատողների թիմը` Ռուբեն Ֆանարջյան, այդ օրերին Հայաստանում գտնվող ամերիկահայ ճանաչված նյարդավիրաբույժներ` ԱՄՆ Ջորջիայի նյարդավիրաբուժական ինստիտուտի նյարդավիրաբույժ Արթուր Գրիգորյան և Ատլանտայից Միքայել Գրիգորյան, ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի ասիստենտ Տիգրան Խաչատրյան, նյարդավիրաբույժ Վահագն Առուստամյան։
Վիրահատող մասնագետներին, «ՊՐՈՄ-ՏԵՍՏ» ընկերության տնօրեն Արթուր Մելքոնյանին և Արմեն Մեհրաբյանին ու նրա ծնողներին այսօր ընդունեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Ռուբեն Ֆանարջյանը տեղեկացրեց, որ դեպքը բավական բարդացած էր, քանի որ վնասվածքն ավելի քան մեկ տարվա վաղեմություն ուներ, որի ընթացքում զարկերակային արյունը շարունակել է լցվել երակային ծոցերը։
«7-8 ժամ տևած թիմային աշխատանքի արդյունքում հաջողվեց ամբողջությամբ լուծել բերանակցման խնդիրը»,-ասաց պրոֆեսորը։
Նշվեց, որ վիրահատության ընթացքում օգտագործված գործիքների հիմնական մասը նվիրել է ամերիկահայ մասնագետ Արթուր Գրիգորյանը, մի մասն էլ` «ՊՐՈՄ-ՏԵՍՏ» ընկերությունը։
Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց տղայի վիճակով, հետագա բուժման և հսկողության մանրամասներով։ Մասնագետները նշեցին, որ պատանին երկար ժամանակ գտնվելու է կլինիկայի մշտական հսկողության ներքո։
Պատանին նախարարին տեղեկացրեց, որ վիրահատությունից անմիջապես հետո վերացել է գլխում աղմուկը, իսկ տեսողությունն աստիճանաբար վերականգնվում է։
Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց բժիշկներին, որոնց թվում էր նաև Ատլանտայից ժամանած առաջատար մասնագետ Միքայել Գրիգորյանը` կատարած աշխատանքի համար: Նա պատանուն հորդորեց ձգտել լավ կրթություն ստանալ: Հանդիպման ավարտին նախարարը նրան աշխարհի գեղատեսիլ վայրերի մասին պատմող գեղարվեստական գիրք նվիրեց: