Հնարավո՞ր է՝ Տիգրան Սարգսյանը կրկին վարչապետ նշանակվի

Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում չի քննարկվել, թե ով է փոխարինելու ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Տիգրան Սարգսյանին:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2016 թվականի փետրվարի 1-ից ստանձնելու է Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը:

Գ. Մելիքյանը շատ դրական է գնահատում, որ այդ պաշտոնում Հայաստանն առաջարկել է հենց Տ. Սարգսյանի թեկնածությունը.

«Այն խոսում է նաև մեր երկրի բարձր դիրքի մասին Եվրասիական տնտեսական միության մեջ, և նման պաշտոնը հատկապես անցման շրջանում Հայաստանին հանձնելը և նման բարձր կարգի տնտեսագետի, ինչպիսին Տիգրան Սարգսյանն է, կարծում եմ՝ խոսում է մեր ամուր դիրքերի մասին Եվրասիական տնտեսական միության մեջ: Կարծում եմ, որ Տիգրան Սարգսյանի ղեկավարման ընթացքում լուրջ առաջընթաց կարձանագրվի Եվրասիական տնտեսական միության մեջ՝ հատկապես տնտեսական, ֆինանսական բնագավառում, այդ բլոկի կառավարումը, կարծում եմ՝ արժանի մարդու է հանձնարարվում, ու համոզված եմ, որ նրա աշխատանքը նաև բարձր կգնահատվի ԵՏՄ-ում»:

Դիտարկմանը՝ բայց իր վարչապետության տարիներին Դուք դժգոհ էիք երկրի տնտեսական վիճակից, Գ. Մելիքյանը պատասխանեց, որ վարվող քաղաքականությունը ճիշտ էր, ուղղակի այդ տարիները համընկնում էին միջազգային տնտեսական ճգնաժամի հետ:

Հարցին էլ՝ այդ դեպքում հնարավո՞ր է՝ Տ. Սարգսյանը նորից վարչապետ նշանակվի, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ պետք չէ խոսել ենթադրությունների մակարդակում:

Տեսանյութեր

Լրահոս