«Պահանջս այն է, որ եթե հիվանդին վիրահատում են և դրա արդյունքը զրո է, ուրեմն թող չմոտենան հիվանդին»
Գյումրու բնակիչ Մարտին Ղազարյանը երեկ՝ «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, բողոքեց ՀՀ առողջապահական ոլորտում առկա թերություններից: Նրա խոսքով, չնայած առողջապահության ոլորտի լավ մասնագետներ ունենք, սակայն այժմ բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները զրոյական մակարդակի վրա են իջել: Մ.Ղազարյանի խոսքով, ինքը բազմիցս առնչվել է բժշկության հետ, քանի որ ունեցել է ստորին ծնոտի խնդիրներ:
-Հունիսի 22-ին ահազանգ ստացա, որ աներորդուս կնոջը՝ Սոնյա Ավետիսյանին, շտապ օգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել՝ Գյումրու բժշկական կենտրոն: Հիվանդի մոտ կար ազոտի եւ երիկամների խնդիր:
Սոնյան հեմոդիալիզի կուրս էր անցնելու: Հարսիս կրծքավանդակի մեջ կատետեր տեղադրվեց՝ օրգանիզմից ազոտը մաքրելու համար: Վիրահատությունը կատարեց բուժական գծով փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: Հետո հարսիս թեւի մեջ ֆիստուլա տեղադրվեց: Դրանից հետո հիվանդի մոտ երակային վիրահատության խնդիր առաջացավ, որն իրականացրեց անօթային վիրաբույժ Սուրեն Թոսունյանը: Վիրահատությունից անցավ 1-2 օր, ասացին, որ այն արդյունք չի տվել: Վիրահատությունից հետո թեւի մեջ տեղադրված ֆիստուլան չաշխատեց: Ս.Թոսունյանի հետ անձնական վեճի մեջ մտա: Ա.Խաչատրյանից էլ պահանջեցի, թե ինչու՞ հետվիրահատական երկրորդ պրոցեդուրան չի իրականացվում: Հարսիս «Արմենիա» ԲԿ-ում ֆիստուլայի վիրահատություն կատարեցին, որը նորմալ արդյունք տվեց,-պարզաբանեց Մ.Ղազարյանը:
Նրա խոսքով, ստացվում է, որ Գյումրիում երակային մասնագետներ չկան: Նա նշեց, որ իր հարսի վերաբերյալ բողոքի մասին տեղյակ են նաեւ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը եւ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիմելու է նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին: Մ.Ղազարյանը կարծում է, որ Շիրակի մարզում բնակչության 70-80 տոկոսն իրենց առողջապահական խնդիրների մասին չի բարձրաձայնում:
-Պահանջս այն է, որ եթե հիվանդին վիրահատում են եւ դրա արդյունքը զրո է, ուրեմն թող չմոտենան հիվանդին: Բացի այդ, «Արմենիա» ԲԿ-ում վիրահատությունը 1 ժամ 10 րոպե է տեւել, իսկ Գյումրու բժշկական կենտրոնում հիվանդին վիրահատարան տանելը եւ այնտեղից բերելը տեւել է 3 ժամ: Մյուս հարցն էլ այն է, թե ինչու՞ երկրորդ վիրահատությունը Երեւանում կատարվեց եւ ինչու՞ Գյումրիում մենք չունենք անոթային նորմալ մասնագետներ: Գրություն գոյություն ունի, որի համաձայն՝ Ս.Թոսունյանն ասել է, որ իր մասնագիտական փորձը թույլ չի տալիս երկրորդ վիրահատությունը կատարել,-իր խոսքն այսպես ավարտեց Մ.Ղազարյանը: