ԱՊՀ-ն պետք է սկսի լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը. Ալեքսանդր Լուկաշենկո
ԱՊՀ երկրները պետք է արագ քայլեր ձեռնարկեն կարգավորելու հետխորհրդային տիրույթի լուրջ խնդիրները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը: Այս մասին ԱՊՀ երկրների ղեկավար խորհրդի հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է ԲԵԼՏԱ լրատվական գործակալությունը:
«ԱՊՀ-ն պետք է ձեռնամուխ լինի հետխորհրդային տարածքի լուրջ խնդիրների շուրջ քննարկումներին, որքանով դա հնարավոր է, խթանի նրանց, ումից այսօր կախված է դրանց որոշումը»,- նրա խոսքերը մեջբերում է ԲԵԼՏԱՆ:
Լուկաշենկոյի խոսքով՝ ԱՊՀ-ն բանակցային հարթակ է ու դա հարկավոր է պահպանել: Նրա կարծիքով՝ հետագայում ԱՊՀ-ն կարող է ավելի շատ հեղինակություն ու պահանջարկ ձեռք բերել, եթե ձեռնամուխ լինի հիմնական խնդիրների լուծմանը, ինչպիսիք են հակամարտությունները Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում, Ուկրաինայում:
«Մենք կարծես անգամ ամաչելով ենք շրջանցում այդ հարցերը: Մենք կարծես սովոր ենք, սպասում ենք, որ ամերիկացիները, Եվրամիությունը, ով ասես գա, ու այդ «ուժեղ մարդը» մեզ ասի, թե որ ուղղությամբ լուծենք այդ խնդիրը կամ ամեն ինչ որոշի մեր փոխարեն»,- ասել է Բելառուսի նախագահը: