Միջազգային համաժողով Թբիլիսիում և Դիլիջանում
Թբիլիսիում եւ Դիլիջանում հոկտեմբերի 15 եւ 16-ին անցկացվեց «Սոցիալական ազդեցության օրեր» (Social Impact Days) միջազգային համաժողովը, որը նվիրված էր քաղաքային համայնքների կայուն զարգացման խնդիրներին եւ կրում էր «Քաղաքների հնարավորությունների ընդլայնում. սոցիալական նորարարություն` հանուն քաղաքային կայուն զարգացման» խորագիրը:
Համաժողովը միավորել էր պետական, ոչ առեւտրային եւ գործարար շրջանակները ներկայացնող ավելի քան հինգ տասնյակ փորձագետների՝ հետխորհրդային տարածքի երկրներից, Գերմանիայից եւ Թուրքիայից։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ կազմակերպիչները՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը, BMW Foundation Herbert Quandt հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարկուս Հիպը եւ MitOst ասոցիացիայի տնօրեն Դարիուս Պոլոկն ընդգծեցին նման քննարկումների եւ միջազգային առաջատար փորձի փոխանցման կարեւորությունը քաղաքների հետագա զարգացման տեսանկյունից:
Որպես համաժողովի հիմնական բանախոս հանդես եկավ դանիական «Gehl Architects» ընկերության տնօրեն Ռիկարդո Մարինին՝ անդրադառնալով ժամանակակից զարգացած քաղաքների եւ քաղաքային համայնքների առաջընթացի միտումներին ու հեռանկարներին եւ ընդգծելով սոցիալական նորարարությունների դերը քաղաքների վերափոխման գործընթացում:
Զեկույցին հաջորդած՝ «Վերափոխվող քաղաք» թեմայով քննարկմանը IDeA հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը եւ «Transparency International Georgia»-ի վերլուծաբան Էրեկլե Ուրուշաձեն հանդես եկան զեկույցի հիմնական դրույթների մեկնաբանությամբ: Նրանք նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ այլ երկրների տրանսֆորմացիոն գործընթացների կոնկրետ օրինակներ ներկայացրեցին:
Համաժողվի երկրորդ օրը մասնակիցներն անցկացրեցին Դիլիջանում եւ Քութայիսում, որոնք ընտրվել էին որպես կովկասյան տարածաշրջանի ինտենսիվ զարգացող քաղաքներ։
Դիլիջանում հյուրերն այցելեցին UWC Dilijan քոլեջ, սոցիալական բնակարանաշինության ASBA հիմնադրամ, «Թումո» եւ Դիլիջանի համայնքային կենտրոններ, շրջայց կատարեցին քաղաքում:
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում համաժողովի մասնակիցներին միացան նաեւ քաղաքային իշխանությունների, ինչպես նաեւ քաղաքում կրթական եւ զարգացման այլ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Ընդլայնված հանդիպմանը հյուրերը Դիլիջան այցի վերաբերյալ իրենց տպավորությունները, ինչպես նաեւ սոցիալական նորարությունների միջոցով քաղաքի վերափոխման իրենց փորձը ներկայացրեցին:
Մեկնաբանելով համաժողովի արդյունքները՝ IDeA հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը նշեց. «Ժամանակակից քաղաքները պետք է բացահայտեն իրենց ներուժը՝ բնակիչներին, շահագրգիռ տարբեր կազմակերպություններին տրանսֆորմացիոն գործընթացներում ներգրավելու միջոցով, զարգացնեն քաղաքի յուրօրինակ կողմերը, մարդկային կապիտալը, պահպանեն պատմամշակութային ժառանգությունն ու բնությունը: Արդյունավետ երկխոսությունն ու պետական-մասնավոր համագործակցության հարթակի ձեւավորումը կայուն սոցիալական տրանսֆորմացիաների իրականացման կարեւոր պայման են»:
Համաժողողովը կազմակերպվել էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA), գերմանական «BMW Foundation Herbert Quandt», «MitOst e.V.», «Robert Bosch Stiftung» հիմնադրամների կողմից՝ Դիլիջանի եւ Քութայիսի քաղաքապետարանների, ՀՀ Կենտրոնական բանկի, «Europa House» եւ «Heinrich Böll South Caucasus» ընկերությունների աջակցությամբ:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին