Ադրբեջանում ձերբակալվել են ԴԱԻՇ-ի կազմում կռված 5 ադրբեջանցիներ
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության իրականացրած հակաահաբեկչական միջոցառումների հետևանքով ձերբակալվել են 5 ադրբեջանցիներ, ովքեր կռվել են Սիրիայում ու Իրաքում գործունեություն ծավալող անօրինական զինված խմբավորումների շարքերում, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ինչպես հայտնել են գործակալությանը Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված խմբեր ու խմբավորումներ ստեղծելու, ինչպես նաև դրանց մասնակցելու, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռազմական տեխնիկա տրամադրելու ու մի շարք այլ մեղադրանքներով որպես կասկածյալներ ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացիներ Նամիգ Գուլիև Շախիդ օղլուն, Խալիդ Գաջիվերդիև Ալիագա օղլուն, Թալեհ Մահիր Ահմեդովը, Էլվին Ասկերովն ու Անար Քերեմ Մահմուդով օղլուն։ Հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 12.1, 279.1, 12.3, 28, 214.2.1, 12.3, 214.2.3, 12.1, 218.2 ու 283-1.3 հոդվածներով: Ձերբակալվածները պատասխանատվության են ենթարկվելու որպես մեղադրյալ:
Հաստատվել է, որ վերոնշյալ անձինք 2012-2015 թվականներին Սիրիայի ու Իրաքի տարածքում մասնակցել են տարբեր անօրինական զինված խմբավորումների գործունեությանը, այդ թվում՝ կռվել են ԴԱԻՇ-ի, «Ջեբխատ ան-Նուսրա», «Ջունդ ալ-Խիլաֆի» և այլ ահաբեկչական խմբավորումների կազմում։
Ներկայում իրականացվում են օպերատիվ որոնողական աշխատանքներ՝ բացահայտելու հակաօրինական գործունեության մեջ ընդգրկված մյուս անձանց: