Տավուշի բնակչությանը բուժօգնություն կտրամադրվի
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ԱՄՆ-ից ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետների:
Նախարարության կողմից հավատարմագրված առաջատար մասնագետների խումբը հինգօրյա այցով Հայաստան է ժամանել Տավուշի մարզի բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելու նպատակով:
Արմեն Մուրադյանը մասնագիտական խմբին հորդորեց խորհրդատվություն տրամադրել նաև սահմանամերձ համայնքների գյուղերի բնակիչներին:
ԱՄՆ-ից ժամանակ բժիշկների առաքելությունը կենտրոնանալու է մասնավորապես Նոյեմբերյանում: Տեղի բժշկական կենտրոնին ԱՄՆ պատվիրակները և «Հայաստան» համահայկական հիմնադրամը նվիրաբերելու են մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, այդ թվում` անեսթեզիոլոգիական սարքեր, ինչպես նաև ժամանակակից հագեցվածությամբ երկու շտապօգնության մեքենա:
«Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախագահ Քեվին Ռոբերտսը նշեց, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո սկսել է աջակցել Հայաստանի առողջապահական համակարգին:
Սա մասնագետի արդեն 6-րդ այցն է Հայաստան: Այս տարվա մայիսին փոքր խմբով մեր երկիր այցելության ընթացքում նա մանրամասն ծանոթացել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հագեցվածությանը և կարիքներին:
«Գլենդեյլ Ադվենտիստ»-ը և Նոյեմբերիայի բժշկական կենտրոնի համագործակցության մասին է վկայում նաև միմյանց հետ հաղորդակցությունը նաև հեռակապի միջոցով: Համագործակցությունն ամրապնդելու նպատակով առաջիկայում ծրագրվում է երկու կազմակերպությունները ամրագրել որպես «քույր» բժշկական կենտրոններ:
«Այցը հնարավորություն կտա առողջապահական համակարգի մասին առավել լայն պատկերացում կազմել: Մեզ համար ուրախալի է, որ, չնայած դժվարություններին և մարտահրավերներին, առկա են նաև առաջընթաց և հաջողություններ»,- նշեց կենտրոնի նախագահը` հավելելով, որ իրենք պատրաստակամ են աջակցել Հայաստանին առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցում:
Պատվիրակության կազմում ընդգրկված են մանկաբույժներ, անեսթեզիոլոգներ, սրտաբաններ, նեղ մասնագիտացում ունեցող հայ և օտարազգի այլ բժիշկներ: Նախատեսվում է, որ նրանք կկատարեն, ախտորոշիչ հետազոտություններ, համայցեր և շուրջ 50 վիրահատություն:
ՀՀ առողջապահության նախարարը շնորհակալություն հայտնեց նվիրատվության համար և բարձր գնահատեց պատվիրակության կարևոր առաքելությամբ այցը Հայաստան:
Արմեն Մուրադյանը ներկայացրեց նաև առողջապահական համակարգում իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը, հիմնական ցուցանիշները: Նա ընդգծեց, որ իրականացվող ծրագրերի հիմքում հիվանդությունների կանխարգելումն է:
Նախարարն անդրադարձավ նաև 2015թ. մեկնարկած նոր ծրագրերին, մասնավորապես` սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված կանխարգելիչ բժշկական զննությանը, ինչպես նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում տարեսկզբից իրականցվող սկրինինգային ծրագրերին` կարևորելով դրանց արդյունավետ իրականացումը մարզերում: Ներկայացրեց նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների` կյանք փրկող «Stent for life» ծրագիրը: –
Հավելենք, որ հարուստ պատմություն և ավանդույթներ ունեցող «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնն այս տարի նշում է հիմնադրման 110-ամյակը: Սկսած 1905թ. Գլենդեյլի բուժանձնակազմին իրենց կյանքը վստահել են բազմաթիվ հիվանդներ: Կենտրոնը Սան Ֆերնանդոյում գործող կենտրոններից ամենամեծն է: