ԱՄՆ-ի կողմից Սիրիա ուղարկված զենքի մի մասը հայտնվել է քրդերի ձեռքին. Պենտագոն
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Կուկը հայտարարել է, որ զենքի մի մասը, որը ԱՄՆ-ը ինքնաթիռներով ուղարկել էր Սիրիա, հայտնվել է քրդական զինված խմբավորումների մոտ: Այս մասին հայտնում է Trend-ը:
«Զենքի ու ռազմամթերքի մեծ մասը ընկել է Սիրիական արաբական ուժերի ձեռքը, սակայն մի մասը ընկել է քրդերի մոտ, որքան հասկանում եմ»,- հայտարարել է Կուկը մամլո ասուլիսին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմատրանսպորտային ինքնաթիռները կիրակի օրը 50 տոննա ռազմամթերք էին նետել Սիրիայի հյուսիսում գտնվող Խասեկե նահանգ:
Պենտագոնը հաստատել էր, որ կոալիցիայի ուժերը զենք են ուղարկել՝ համալրելու տեղի ցամաքային ուժերի պահուստները, որոնք կռվում են ԴԱԻՇ-ի դեմ:
Բացի այդ՝ Կուկը հաստատել է, որ ԱՄՆ-ը մտադիր է հետագայում ևս օգնել ԴԱԻՇ-ի դեմ պայքարող սիրիական ընդդիմությանը: