Ադրբեջանում սկսել են ձերբակալել նաև լրագրողների ազգականներին. ձերբակալվել են Meydan TV-ի ընդդիմադիր խմբագրի եղբայրները
Ադրբեջանի ՆԳՆ մամլո ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի 13-ին ձերբակալվել են Meydan TV ինտերնետ-ռեսուրսի խմբագիր ու հեղինակ Գյունել Մովլուդի եղբայրները՝ Վեքիլ ու Ռաջի Իմանովները:
«Նրանց մոտից առգրավվել է մարիխուանա»,- հայտնել է ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը: Այս մասին տեղեկացնում է haqqin.az-ը:
Վեքիլ Իմանովին ձերբակալել են Բիլյասուվարում, Ռաջի Իմանովին՝ Սումգայիթում:
Պաշտոնապես հաղորդվում է, որ տղամարդկանց ձերբակալել են թմրանյութերի ապօրինի շրջանառության համար:
Ի դեպ, ընդդիմադիր լրագրող Գյունել Մովլուդը ամուսնու հետ բնակվում է արտերկրում: Որոշ ժամանակ առաջ կինը սոցցանցերում գրել էր, որ իր ընտանիքը ճնշման է ենթարկվում: