Բաժիններ՝

Ինչո՞ւ են հարսանեկան արարողությունների ժամանակ քահանայի սկուտեղի մեջ փող դնում

– Ինչո՞ւ են հարսանեկան արարողությունների ժամանակ քահանայի սկուտեղի մեջ փող դնում: Դա վարձատրություն է քահանայի՞ն, թե՞ արվում է ուղղակի մարդկանց ցանկությամբ: Կարո՞ղ է արդյոք պսակադրությունն իրականացվել առանց դրամի:

– Ինչ վերաբերում է քահանայի սկուտեղի մեջ հանգանակվող գումարին ասենք, որ դեռևս նախաքրիստոնեական շրջանում, երբ Աստված հրեա Ղևիի ցեղին հանձնեց քահանայությունը, պատվիրեց, որ մյուս 11 ցեղերը հոգ տանեն Ղևտացիների մասին: Վերջիններս պիտի սպասավորեին Աստծո տաճարում և չէին կարող գումար ու ապրուստ վաստակելու այլ միջոց գտնել: Մինչ այդ ամեն ընտանիքի առաջին արու զավակը նվիրաբերվում էր եկեղեցուն` որպես սպասավոր: Երբ Աստված տեսավ, որ դրանից մարդիկ դժգոհ են, հանձնարարեց, որ միայն Ղևիի ցեղը զբաղվի քահանայությամբ, իսկ մյուսներն այդ պարտականությունից ազատվելու համար որոշակի զոհողություն պիտի անեին: Հրեաների մոտ մինչև հիմա էլ մնացել է առաջնեկ տղաներին տաճարին նվիրաբերելու, նրա փոխարեն որևէ բան նվիրաբերելու կամ մատաղ անելու սովորությունը:

Եթե հիշում եք, 40 օրական Հիսուսին էլ ծնողները տարան տաճար, ապա տատրակ մատաղ արեցին:

Արարողությունների ու ծեսերի ժամանակ մարդկանց կողմից նվիրաբերվող գումարով էլ քահանաներն ապրում էին: Այդպես է նաև հիմա: Յուրաքանչյուր ոք ազատ է իր սրտի ուզածի չափ գումար նվիրաբերել:

Մարդիկ կան, որ ի վիճակի չեն այդ նվիրաբերությանը: Որևէ մեկը չի կարող ստիպել գումար տալ: Այն գումարը, որ ծեսերի ժամանակ ժողովուրդը տալիս է քահանային, մի տեսակ զոհաբերություն է Աստծո սպասավորին: Ինչ վերաբերում է առանց գումարի պսակադրվելուն, ասենք, որ նման բան իհարկե հնարավոր է: Սակայն որպեսզի անհարմար իրավիճակում չհայտնվեք և՛ դուք, և՛ քահանան, ով սովորույթի համաձայն վերջում պիտի սկուտեղ մեջտեղ բերի, լավ կլինի, որ նախօրոք մոտենաք պսակադրող քահանային, բացատրեք իրավիճակը:

Աղոթաբար` Նոյ սարկավագ Անդրեասյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս