Բերքահավաք կրակահերթի տակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն տեղեկացրել ենք, որ Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի սահմանամերձ Ուռի հողեր տարածքի խաղողի այգիների շուրջ 150 տոննա բերքը մնացել է վազերի վրա, քանի որ ադրբեջանական զինուժն անընդմեջ գնդակոծում է: Երեկ տեղեկացանք, որ ամիսներ շարունակ այդ այգիները մշակած խաղողագործներից ոմանք չեն կարողանում համակերպվել իրենց բերքի կորստի հետ եւ փորձում են դրա գոնե մի մասը փրկել:

Այգեհովիտցի Սամվել Համզյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ այդ տարածքում ինքն ու համագյուղացիները մշակել են խաղողի 22 հա այգի, սակայն բերքը չեն կարողանում հավաքել: Նրա խոսքերով՝ ադրբեջանական գնդակոծության վտանգի պատճառով նույն տարածքում 12 հա խաղողի այգի չի մշակվում: 10 հա տարածք էլ անմշակ է մնացել Այգեհովիտ գյուղից ներքեւ գտնվող ջրամբարի մոտ:

Ս. Համզյանը ցավով նշեց, որ ինքն ու համագյուղացիները մեծ ծախսեր եւ զրկանքներ են կրել խաղողի այգիները մշակելու համար. «Օգոստոսի 29-ին խաղողի 1.5 հա այգին 11-րդ անգամ սրսկել եմ: 600 լիտր բուժանյութը 6 կմ ձեռով կրել եմ»,- ներկայացրեց բերքը կորցրած խաղողագործը, ով իր դառը քրտինքով մշակած 1.5 հա այգուց նախատեսում էր ստանալ 20 տոննա խաղող «Ո՞ւր գնամ, ո՞ւմ թողեմ իմ այգին, տունս»,- հուզված ասում է այգեհովիտցի խաղողագործը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս