Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը նոր նախագահ ունի՝Թամար Պողոսյանը հրաժարական է տվել
Այսօր տեղի ունեցած Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության արտահերթ նիստում տեղի է ունեցել իշխանափոխություն. խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը հրաժարական է ներկայացրել, իսկ նրա փոխարեն խմբակցության ղեկավար է ընտրվել մինչ այդ խմբակցության քարտուղար Ջիվան Պողոսյանը: Ջիվան Պողոսյանի փոխարեն խմբակցության քարտուղար է ընտրվել Ռուբեն Կճոյանը: Խմբակցության նիստը վարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Թամար Պողոսյանը շարունակելու է մնալ Երևանի ավագանում մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ:
ԲՀԿ-ում տեղի ունեցող գործընթացները չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության վրա: Վերջին շրջանում ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանի և խմբակցության անդամների ջրերը նույն առվով չէին գնում, քանի որ խմբակցության անդամների մեծ մասը դժգոհ էր Թամար Պողոսյանի աշխատաոճից: Մասնավորապես, նրանք բողոքում էին, որ Պողոսյանը անիմաստ ժողովներ է կազմակերպում, և իրենք արդեն հոգնել են այդ նիստերից ու քննարկումներից: Հենց այդ պատճառով Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները անընդհատ պահանջում էին, որ պետք է վերջ դնել տիկին Պողոսյանի չափից դուրս նախաձեռնողականությանը:
Բայց որպեսզի տիկին Պողոսյանին չնեղացնեն, որոշում է կայացվել, որ նա կդառնա ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի գլխավոր խորհրդական, միաժամանակ կզբաղեցնի ԲՀԿ կանանց խորհրդի նախագահի պաշտոնը: