Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Թուրքիան՝ հատելով Հայաստանի օդային սահմանը

168.am-ի հարցին՝ արդյոք պատահականությո՞ւն էր Թուրքական ուղղաթիռների՝ հայկական սահմանը հատելը, ինչպես իրենք են հայտարարել, թե՞ Սիրիայի սահմանին կատարված իրադարձություններն էին պատճառը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության նախկին անդամ, դիվանագետ Մուշեղ Մկրտչյանը պատասխանեց. «Դրանից օրեր առաջ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ՌԴ-ի ինքնաթիռները հատել էին թուրքական սահմանը, ինչն արժանացել էր Թուրքիայի բուռն արձագանքին։ Կարծում եմ, որ որպես պատասխան՝ հայկական սահմանի հատումով, որն, ի դեպ, պաշտոնապես վերահսկվում է ՌԴ կողմից, Թուրքիան միանգամից երկու խնդիր է փորձում լուծել։ Նախ՝ ցույց տալ ՌԴ-ին, որ Թուրքիան այն պետությունն է, որը կարող է հարաբերվել ՌԴ-ի հետ հավասարը հավասարի պես, և ռազմական ոտնձգությանը համարժեք պատասխան տալ, և երկրորդ, ինչպես և բազմիցս հայտարարվել է նախկինում, մեկ անգամ ևս ուղերձ հղել Հայաստանին, որ Թուրքիան չի ընկալում Հայաստանը որպես ինքնուրույն պետություն, այլ որպես ռուսական պրոտեկտորատ»։

Մ. Մկրտչյանի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է լուրջ հետևություն անի այս միջադեպից։ «Նկատի ունեմ առաջին հերթին ՀՀ անվտանգության երաշխավոր ՌԴ-ի արձագանքը։ Ավելի ճիշտ՝ արձագանքի բացակայությունը։ Ժամանակն է վերլուծելու՝ արդյո՞ք ՀՀ-ում տեղակայված ՌԴ զինված ուժերն իսկապես կայունացնող և անվտանգություն ապահովող գործո՞ն են հանդիսանում, թե՞ ընդամենը առիթ՝ ռուս-թուրքական հարաբերությունների պարզման ընթացքում Հայաստանի սուվերեն տարածքը անպատիժ և անարձագանք խախտելու համար»։

Ավելին՝ նա համոզված է, որ եթե ՀՀ Զինված ուժերը լիազորված լինեին տվյալ դեպքում ինքնուրույն գործելու, ապա ունակ էին նախազգուշական միջոցառումներով ստիպել սահմանախախտներին լուրջ վերաբերվել հայկական պետականությանը։ «Իսկ ԱԳՆ-ն, եթե իր բարձրության վրա գտնվեր, համապատասխան արձագանքով և միջազգային կառույցներում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ում իր աշխատանքով, հաջորդ առիթի դեպքում ստիպեր Թուրքիային՝ մի քիչ ավելին մտածել, մինչ նման որոշում կայացնելը»:

Հիշեցնենք, որ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն ասել էր, թե հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները 2-4 րոպե տևողությամբ պտտվել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում։ Ըստ նրա՝ Հայաստանի քաղավիացիայի վարչությունը թուրքական կողմից փորձել է ճշտել, թե ինչ ուղղաթիռներ են դրանք և ինչ նպատակով են հատել սահմանը, իսկ Անկարայի կարգավարը պնդել է, թե ռազմական ուղղաթիռները սահմանը հատել են եղանակային վատ պայմանների պատճառով: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը, ինչպես նշել է Ա. Մովսիսյանը, պատժիչ գործողություններ չի իրականացրել, քանի որ դրա համար ոչ ռեսուրսներ ունի, ոչ էլ իրավասություն։

 

 

Տեսանյութեր

Լրահոս