«Պուտինը չի կարող լքել Հայաստանը ու ԼՂ համակարտությունը լուծել հօգուտ Ադրբեջանի, քանի որ այդ դեպքում ռիսկի է դիմում կորցնել Հայաստանը»

2010-ական թվականների սկզբից կտրուկ փոխվել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումն այն երկրների հանդեպ, որոնց Ադրբեջանի կառավարությունը համարում էր բարեկամական։ Այդ պահից ի վեր պաշտոնական պետական քարոզչությունը սկսեց ձևավորել բացասական տրամադրություն` Արևմուտքի, ու դրական վերաբերմունք՝ Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին Turan-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, Freedom House-ի նախկին ղեկավար, ներկայում ԱՄՆ-ում գտնվող Մաքքեյնի միջազգային ինստիտուտի մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերով տնօրեն Դևիդ Կրամերը:

Հարցին, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանի ու Արևմուտքի միջև, ու, թե ինչպես է դա ազդում տարածաշրջանի անվտանգության վրա, ու հենց անձամբ՝ Ադրբեջանի, Կրամերը պատասխանել է, որ Բաքվի կառավարությունը տեսել է Ուկրաինայի իրադարձություններն ու վախեցած է: Այդ պատճառով էլ իշխանությունները պատրաստ են բռնաճնշումների դիմել՝ Ադրբեջանում նման սցենար թույլ չտալու համար:

«Ամենայն հավանականությամբ, իշխանությունները կարծում են, թե նման քաղաքականությունը թույլատրելի է, կարելի է ճնշել քաղաքացիական հասարակությանը, ակտիվիստներին ու լրագրողներին կալանավորել, և դրա համար ոչինչ չի լինի:

Կարծում եմ, որ նախագահ Ալիևն ու նրա շրջապատը վիրավորված են, որ չեն դիտարկվում՝ որպես Եվրաատլանտյան դաշինքի մաս, ու ոչ մի խթան չեն տեսնում իրենց վարքագիծը փոխելու համար:

Բայց կարծում եմ, որ նախագահ Ալիևը պետք է շատ մտահոգվի տարածաշրջանում կատարվող դեպքերի առնչությամբ, առաջին հերթին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունից։

Ես կասեի, որ Ադրբեջանը դեռ ունի ԱՄՆ-ի ու Եվրոպայի կարիքը։ Իհարկե, Բաքուն հարաբերություններ է պահպանում Մոսկվայի հետ, սակայն Ադրբեջանի ներսում իրավիճակը շարունակում է վատանալ, ու Արևմուտքը վաղ թե ուշ կսկսի պատժել ու տուգանել։ Ահա թե ինչու եմ ես կողմ հանդես գալիս հասցեագրված պատժամիջոցների սահմանմանը՝ բռնությունների դադարեցման համար»,- ասել է Կրամերը:

Համեմատական անցկացնելով Բելառուսի հետ՝ նա նշել է, որ իրավիճակը Ադրբեջանում ավելի վատ է, քան Բելառուսում, որտեղ քաղբանտարկյալներն ազատ էին արձակվել:

«Բելառուսն անվանում են Եվրոպայում վերջին բռնապետությունը, սակայն հիմա այդ անվանումը կարող է հեշտորեն կիրառվել Ադրբեջանի նկատմամբ: Վերջին շրջանի բռնաճնշումները կրում են կոշտ բնույթ, քան նախկինում, ու դրանք անգամ իրականացվում են արևմտյան կազմակերպությունների դեմ, ինչպիսին է «Ազատություն» ռադիոկայանն ու նրա լրագրողները: Նման իրավիճակում շատ բան կախված է Արևմուտքից: Եթե Արևմուտքը հաստատուն կեցվածք ընդունի ու ասի՝ «բավական է», ապա պետք է մշակի Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին հակազդելու քաղաքականություն, սակայն ես դա դեռ չեմ տեսնում»,- ասում է Կրամերը:

Նրա խոսքով՝ Բաքուն պետք է անհանգստանա, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամները սկսել են մտածել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին:

Հարցին, թե Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը տեղեկացնում է այն մասին, որ Պուտինի կաջակցի Ադրբեջանին ու անգամ կօգնի վերադարձնել «օկուպացված տարածքները», Կրամերը տվել է հետևյալ պատասխանը՝ եթե Ադրբեջանում «վստահում ու հավատում են դրան, ապա երկիրը մեծ աղետի մեջ է»:

«Ռուսաստանը երկարաժամկետ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, որը շատ է կախված Ռուսաստանից անվտանգության ոլորտում: Այդ պատճառով Պուտինը չի կարող լքել Հայաստանն ու ղարաբաղյան համակարտությունը լուծել հօգուտ Ադրբեջանի, քանի որ այդ դեպքում ռիսկի է դիմում կորցնել Հայաստանը»,- ասում է ԱՄՆ-ում գտնվող Մաքքեյնի միջազգային ինստիտուտի մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերով տնօրենը:

Նրա խոսքով՝ Հայաստանն այն երկրներից է, ովքեր համաձայնել են անդամակցել ԵՏՄ-ին՝ «Ռուսաստանի կողմից ահռելի ճնշման հետևանքով»:

«Պուտինը, ինձ թվում է, փորձում է բալանսավորել Ռուսաստանի շահերը՝ լավ հարաբերություններ ունենալով Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ու վերահսկել նրանց երկուսին էլ ու փակել Ադրբեջանում Արևմուտքի դուռը: Հարցն այն է՝ արդյո՞ք կմտնի Ալիևն Արևմուտքի դուռը՝ թողնելով Ռուսաստանին ու Իրանին: Ադրբեջանն ունի բարդ հարևանություն ու պետք է գոյատևի Իրանի ու Ռուսաստանի հետ ու չի կարող դա փոխել: Սակայն հենց Ադրբեջանից է կախված՝ ուզո՞ւմ է նա ունենալ լավ հարաբերություններ Արևմուտքի հետ, սակայն թվում է, որ Ալիևն անում է ընտրություն, որ լավ հարաբերություններ չունենա Արևմուտքի հետ»,- եզրափակել է խոսքը Կրամերը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս