Պարույր Հայրիկյանը ՀՀ գլխավոր դատախազից պահանջում է պատժել նաև ինքն իրեն
«Հասկանում եմ, որ Հանրապետության գլխավոր դատախազը մի փոքր բարդ իրավիճակում պետք է հայտնվի, բայց հավատում եմ, որ որպես իրավաբան, որպես պաշտոնյա՝ պետք է հասկանա, որ պետք է կարողանա իրեն տարբերակել»,- Դատախազության դիմաց հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին նամակ-ուղերձ փոխանցեց: Ըստ Հայրիկյանի ուղերձի՝ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը չարաշահել է իր դիրքը:
ԱԻՄ առաջնորդի ուղերձում ասվում է. «Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, չարաշահելով իր դիրքը և անտեսելով իմ՝ որպես ԱԻՄ առաջնորդ, ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների այլընտրանքային տարբերակը, ոչ միայն իմ իրավունքներն է ոտնահարել, այլև մեր ժողովրդին զրկել է՝ իրապես ժողովրդի իշխանություն ապահովող և մարդկությանն առ այսօր հայտնի լավագույն՝ բացարձակ ժողովրդավարության, պետական համակարգ ունենալու հնարավորությունից»։ Ըստ ԱԻՄ առաջնորդի՝ ակնհայտ է, որ դա տեղի է ունեցել Սահմանադրության կոպիտ խախտում:
Նա հայտարարեց, որ ինքը հիմք չունի չվստահելու ՀՀ դատախազության մասնագետներին. «Դրանից ելնելով՝ Ձեզ կոչ եմ անում համապատասխան մասնագետներին հանձնարարել ամենակարճ ժամանակամիջոցում տալ կատարվածի համարժեք իրավական գնահատականը և դրան համապատասխան՝ լուծել հանձնաժողովի անդամներին պատասխանատվության ենթարկելու խնդիրը»։
Պ. Հայրիկյանը հավատում է, որպես իրավաբան, պաշտոնյա՝ Գ. Կոստանյանը կկարողանա՝ մի դեպքում՝ որպես գլխավոր դատախազ մեղադրանք ներկայացնել, մյուս դեպքում՝ որպես մեղադրանքի հասցեատեր՝ հանձնաժողովի անդամ, պատասխան տալ:
Լրագրողներից մեկի ճշտող հարցին՝ Դուք Գևորգ Կոստանյանից պահանջում եք պատժել հենց ինքն իրե՞ն, Պ. Հայրիկյանը պատասխանեց՝ նաև իրեն, բայց առաջին հերթին՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:
168.am-ի հարցին, թե ինչի՞ց եք վստահ, որ Ձեր պահանջը կկատարվի, Պ. Հայրիկյանը պատասխանեց, որ իրավագիտությունը ոչ թե ուժերի հարաբերակցությամբ է հարցեր լուծում, այլ իրավունքի ուժով. «Ես այստեղ բարձրացրել եմ իրավունքին առնչվող հարցեր: Եթե ես 100 հազարանոց ցույց հավաքած լինեի այստեղ, ու ասեինք՝ «հեռացիր», կամ՝ «համաձայն չենք», կհավաքվեինք, կգնային, բայց իրավունքը դա ամենահզոր խոսքի ուժն է»:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ Դուք համոզվա՞ծ եք, որ հաջողության կհասնեք, Պ. Հայրիկյանն այսպես պատասխանեց. «Ես մի անգամ կարողացել եմ շատ ավելի ծանր պայմաններում շատ ավելի անհնար թվացող գաղափարն իրավունքի ուժով դարձնել իրականություն, իմ դեմ խոսող 100 հազարներ հետո դարձել են իմ կողմնակիցները և անկախության հանրաքվեի օգտին քվեարկել են, այսօր էլ, ավելի բարենպաստ իրավիճակում, երբ մենք նաև միջազգային իրավունքի ենթակա ենք, մեր հնարավորություններն ավելի են»:
Նա նշեց, որ այս գործընթացն այս դիմումով չի ավարտվում, այլ սրան հաջորդելու են քայլեր:
Մեր այն հարցին էլ, թե՝ դատախազի չարձագանքելու դեպքում ի՞նչ քայլերի եք գնալու, Պ. Հայրիկյանն այսպես պատասխանեց. «Սա այս պահից դարձավ պատմական վավերաթուղթ, և 50 տարի հետո էլ չէի ցանկանա, որ որևէ հայ մարդու զավակ՝ ծնողի անպատասխանու պահվածքի պատճառով, կանգներ պատժվելու վտանգի առաջ: Մենք դատարաններ ենք դիմելու ու փուլ առ փուլ, մինչև վերջ աշխատելու ենք՝ մենակ կամ մյուս ուժերի հետ»: