Amnesty International-ի անդամներին արգելել են Ադրբեջան մուտք գործել. նրանց երկրից արտաքսել են
Amnesty International-ի երկու աշխատակիցների հոկտեմբերի 7-ին իշխանություններն արգելել են մուտք գործել Ադրբեջան: Նրանց այնուհետ արտաքսել են Բաքվի օդանավակայանից: AI-ն իր տարածած հաղորդագրության մեջ տեղի ունեցածը գնահատում է որպես նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին տեղի ունեցած խոսքի ազատության «լուրջ խախտում»:
Կազմակերպության անդամների անունները չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ նրանք Վրաստանի քաղաքացիներ են, հայտնում է contact.az-ը:
Ադրբեջանի միգրացիոն իշխանությունները նախ՝ վերցրել են Amnesty International-ի աշխատակիցների անձնագրերը չորեքշաբթի Բաքու ժամանելուց հետո, իսկ մի քանի ժամ անց նրանց արտաքսել են:
«Amnesty International-ը երկրի իշխանություններին տեղեկացրել էր նրանց այցի մասին, սակայն պատասխան այդպես էլ չէր ստացել»,- հայտնել են կազմակերպությունից:
«Ի՞նչ մութ գաղտնիքներ են Ադրբեջանի իշխանությունները փորձում թաքցնել արտաքին աշխարհից մինչ խորհրդարանական ընտրությունները»,- հայտարարել է Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում կազմակերպության ծրագրերի տնօրեն Ջոն Դալուզենը:
Amnesty International-ը հիշեցնում է, որ սա արդեն նմանատիպ երկրորդ դեպքն է: Այս տարվա հունիսին կազմակերպության ներկայացուցիչները չէին կարողացել մուտք գործել Բաքու Եվրոպական խաղերի նախօերին: