Բաժիններ՝

«Մինչև տարեվերջ մենք կունենանք 3%, 3.5%, նույնիսկ 4% տնտեսական աճ». Հովիկ Աբրահամյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է լավատես լինել և վստահ է, որ այս տարի կառավարությունը կապահովի խոստացված տնտեսական աճը և հաջողություններ կարձանագրի: Երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարեց, որ որևէ գործընթաց չի ձախողվել:

«Մենք աշխատում ենք և մեր ծրագիրը փորձելու ենք իրականացնել: Իհարկե, աշխարհում ընթացող տնտեսական պատերազմը` նույն Ռուսաստանի և Արևմուտքի միջև, իր բացասական ազդեցությունն է ունենալու Հայաստանի վրա, բայց մենք, մեր թիմը՝ նախագահի գլխավորությամբ, ամեն ինչ անելու է, որ հաղթահարենք սա: Եվ ես կարծում եմ` մենք հասնելու ենք հաջողության: Չշտապենք: Ես կարծում եմ, որ մենք չորրորդ եռամսյակում կունենանք ներմուծման և արտահանման ակտիվություն, և դա կբերի տնտեսության ակտիվությանը, մենք կարձանագրենք հաջողություն»,- ասաց Հ.Աբրահամյանը՝ չհամաձայնելով քննադատություններին, որ տնտեսական քաղաքականությունը ձախողված է:

Ըստ նրա՝ որևէ կառավարության ղեկավար իրավունք չունի որևէ ծրագրի շուրջ ունենալով հիասթափություն, անվստահություն` փորձել այդ ծրագիրն իրականացնել. «Ես այն ծրագրերի նկատմամբ, որոնք կառավարությունը պետք է իրականացնի, վստահ եմ: Իհարկե, կան խոչընդոտներ, խանգարող գործոններ, որոնք կախված չեն մեր կառավարությունից կամ աշխատանքից, բայց մենք փորձելու ենք ընթացքում հաղթահարել այդ խոչընդոտները»:

Հարցին, թե` մինչ օրս քանի՞ օլիգարխ է ստվերից դուրս բերվել, Հ.Աբրահամյանը պատասխանեց, որ ֆինանսների նախարարն իրեն զեկուցել է, որ կիսամյակի ընթացքում 20 միլիարդ դրամ արդեն այդ ոլորտից` ստվերից, լրացուցիչ եկամուտներ կան: Նա նշեց, որ դա շարունակական պրոցես է, և պայքարը շարունակելու են, և, իր կարծիքով, հաջողություն կունենան:

Նա նշեց, որ կա ներմուծման անկում, որն ուղղակի ազդել է բյուջեի եկամուտների վրա, բայց միաժամանակ համոզվածություն հայտնեց, որ չորրորդ եռամսյակում կունենանք առաջընթաց. «Մենք կփորձենք մեր ուժերը համալրել և ունենալ առաջընթաց: Ինչ վերաբերում է տնտեսության վիճակին, տնտեսության վիճակը նորմալ է: Ի՞նչ առումով. այն առումով, որ մենք չունենք որևէ ծրագիր, որը խաթարված է, չի իրականացվում: Ես նկատի ունեմ սոցիալական ծրագրերը: Տրանսֆերտների պակասը, բոլորդ գիտեք, որ մոտ 400 մլն դոլարի պակաս կա 8 ամսով, բայց մենք ունենք գյուղատնտեսության ոլորտի աճ, որը կմեղմացնի տրանսֆերտների նվազումը: Ես համոզված եմ, որ մինչև տարեվերջ մենք կունենանք 3%, 3.5%, նույնիսկ 4% տնտեսական աճ:

Որոշ տնտեսագետներ, էկոնոմիկայի նախարարությունը նույնիսկ ավելի լավատես են, բայց փորձենք խոսել փաստերով»:

Վարչապետը շատ դրական գնահատեց ՀԷՑ-ի գործարքն ու նշեց, որ անձամբ է խնդրել «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանին` համաձայնել այդ գործարքին: Նա վստահ է, որ շատ կարճ ժամանակում ՀԷՑ-ը կդառնա շատ առողջ և հաջող ընկերություն. «Ես վստահ եմ, որ կորուստները կհասցվեն նվազագույնի, կվերանան ոչ ճիշտ ֆինանսական երևույթներըգդուք ասում եք` թալան, դրանք բոլորը կվերանան, եթե եղել են այդպիսիք: Ես համոզված եմ, որ այն քայլը, որ ինքը համաձայնեց, կառավարության հետ 50/50 հավասար պայմաններում, մինչև եկող տարվա օգոստոսի մեկը սուբսիդավորենք 604 հազար ընտանիքների, իսկ մենք ունենք ընդհանուր 766 հազար բաժանորդներ, դա մեծ քայլ էր: Մոտ 7-8 մլրդ դրամ փող կլինի տարվա կտրվածքով, որ մենք կվճարենք, և դա աջակցություն է մեր հասարակությանը: Գործարքը ճիշտ ժամանակին է: Ինչ-որ տեղ սոցիալական խնդիրները կմեղմենք»:

Վարչապետը չշրջանցեց նաև խաղաղագործների խնդիրները, որ բերքի մթերման հարցը չի լուծվում: Նա վստահեցրեց, որ այս հարցը նույնպես լուծման պրոցեսում է. «Գործընթացն ընթանում է, մենք հետևում ենք, նույնիսկ մասնակցում ենք, միջամտում ենք: Խնդիրն այն է, որ վերամշակող գործարաններն ունեն ֆինանսական խնդիրներ, քանի որ իրացում չենք կարողացել անել, նվազել են արտահանման ծավալները: Բացի այդ, ի ուրախություն մեր բոլորի, այս տարի խաղողի բերքը մեծ ծավալի է: Մենք կազմակերպված աշխատում ենք բոլոր վերամշակող գործարանների հետ, որպեսզի ընդունվի ամբողջ բերքը: Պայմանավորվածություն պետք է ձեռք բերվի, որ գյուղացիներն ամբողջ բերքը միանգամից չհավաքեն»:

Անդրադառնալով ԵՏՄ-ում ռուբլով գործարքներ իրականացնելու իր առաջարկին` վարչապետը նշեց, որ այն համարում է շատ ճիշտ. «Դա վերաբերում է էներգակիրներին, օրինակ, որ մենք գազի գինը վճարենք ռուբլով: Այսքան շուտ պետք չէ պատասխան ակնկալել, բայց դա շատ ճիշտ գործընթաց է, և հիմա քննարկման հարց է դարձել ԵՏՄ անդամ երկրների ձևաչափում: Ապագայում կունենանք հաջողություն»:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս