Դաշնակցությունն ընտրեց Սերժ Սարգսյանին

«Երեք հիմնական հանգամանք կառանձնացնեմ, որ դրդում էին ինձ ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց: Առաջինը` իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին՝ որպես հաջորդողի, և վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է:
Երկրորդը` չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ և, վստահ եմ, երկրի համար վնասակար ձևաչափի կազմավորմանը:  Եվ երրորդը: Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առևտրի: Իսկ դա ամենևին էլ այն չէ, ինչի համար ես կուզենայի ծախսել ժամանակս, գիտելիքներս ու փորձս»,- սա հատված է 2012 թվականի դեկտեմբերի 25-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցից:

Նրա նշված հայտարարությունները, ըստ էության, այլևս ակտուալ չեն, քանի որ իր այսօրվա հարցազրույցով Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, «գիծ քաշեց» իշխանության, նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններում՝ 2017 թվականին իշխանությունը վերցնելու հայտ ներկայացնելով: Այսինքն՝ «երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների» միջև պայքարն այլևս սկսված կարելի է համարել, իսկ դա, ինչպես ասել է Քոչարյանը, շատերի համար կդառնա «բարդ ընտրության իրավիճակ»: Թե հատկապես ո՞ւմ նկատի ուներ այն ժամանակ Քոչարյանը՝ չէր մասնավորեցրել: Ենթադրելի է, սակայն, որ խոսքն առաջին հերթին՝ պաշտոնյաների, քաղաքական ուժերի մասին է, որոնք գործունեություն են ծավալել երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին և շարունակում են դա նաև այսօր:

«Շատերի» շարքում առաջին հերթին՝ հետաքրքրություն են ներկայացնում այն ուժերը, որոնք Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին եղել են նրա թիմում, համարվել են կուսակցություն չունեցող նախագահի քաղաքական հենարանները: Այդ շարքում էլ առավել ուշագրավ է Դաշնակցության դիրքորոշումը, որի համար, թվում է, իսկապես պետք է որ բարդ լիներ ընտրություն կատարելը՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև:

Վերջինիս շնորհիվ են քաղաքական իրադրության փոփոխության արդյունքում դաշնակցականները հայտնվել ազատության մեջ: Բայց նրանց համար ընտրությունը կարծես այնքան էլ բարդ չէ, որքան երեք տարի առաջ թվում էր Ռոբերտ Քոչարյանին: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, Քոչարյանի նախագահության ժամանակ սոցապնախարարի պաշտոնը զբաղեցրած Աղվանն Վարդանյանը, օրինակ, այսօր ասել է. «Ես միշտ հարգանքով եմ վերաբերվել և շարունակում եմ հարգանքով վերաբերվել ՀՀ երկրորդ նախագահի արտահայտած տեսակետներին, բայց կոնկրետ այս խնդրում մեր տեսակետներն արմատականորեն տարբերվում են:

Մենք խորապես համոզված ենք, որ խորհրդարանական կառավարման համակարգը շատ ավելի լայն հնարավորություն է բացելու մեր երկրի զարգացման համար, և շատ ավելի ժողովրդավարական ճանապարհ ենք ընտրել»:

Նա հակադարձել է նաև Քոչարյանի կողմից ԽՍՀՄ սահմանադրության հիշեցմանն ու ներկայի հետ համեմատությանը. «Մենք հիմա ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ բացառված է որևէ կուսակցության երկարատև մենիշխանությունը և, ընդհակառակը, խորհրդային համակարգը հնարավորություն է տալու որոշումների կոլեգիալ մեխանիզմի, և ցանկացած, նույնիսկ տեսականորեն մեծամասնություն, ստիպված է լինելու ընդդիմության կարծիքը հաշվի առնել ու կոնսենսուսի հասնել, քննարկել, խորհրդակցել: Սա դժվար է, բայց մեր երկրում ստեղծելու է նոր քաղաքական մշակույթ»:

Աղվան Վարդանյանի հայտարարությունները, իհարկե, կոռեկտության ու դիվանագիտական ձևակերպումների շրջանակներում են, բայց դրանց ներքին բովանդակությունն այն է, որ Քոչարյան-Սարգսյան երկընտրանքում ՀՅԴ-ն ընտրում է գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

Ի դեպ, սա սխալ կլինի բացասաբար գնահատել, առավել ևս՝ որակել որպես ՀՅԴ-ի կողմից Քոչարյանին «դավաճանելու» քայլ: Այս մոտեցմամբ Դաշնակցությունը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, քաղաքական սկզբունքներն ու ուղենիշերն իր համար ավելի կարևոր են, քան անձերը, և, եթե Քոչարյանը՝ լինելով իրենց նախկին դաշնակիցն ու ոչ ֆորմալ առաջնորդը, դեմ է սահմանադրական փոփոխություններին, ապա միայն այդ պատճառով Դաշնակցությունը չի հրաժարվում շուրջ 20 տարվա իր քաղաքական ծրագրից՝ խորհրդարանական կառավարման կարգին անցում կատարելու դրույթից: Այլ հարց է, որ Դաշնակցության այդ սկզբունքայնությունն առաջիկայում կարող է ունենալ նաև «շոշափելի» հետևանքներ և գնահատվել Սերժ Սարգսյանի կողմից, բայց դա այլ խոսակցության նյութ է:

Հ.Գ. Ի դեպ, այնպես չէ, որ Դաշնակցությունը միայն այսօր է բարձրաձայնում իր «ընտրության» մասին: Դեռ անցյալ տարի ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ­-Էվոլյուցիա» հաղորդաշարի ժամանակ պատասխանելով Սաթիկ Սեյրանյանի կողմից տրված հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու դեպքում ինչպիսի՞ն կլինի Հայ Հեղափոխական Դաշնակցության հնարավոր դիրքավորումը, պատասխանել էր.

«Մենք ոչ մեկի ձեռքին գործիք չենք եղել ու չենք էլ լինի, էդ պետք է մոռանալ: Դաշնակցությունն այն կուսակցությունը չի, որ որևէ մեկի ձեռքին գործիք լինի: Էդպիսի բան պատմության մեջ չի եղել և այսօր էլ չի լինելու, վաղն էլ չի լինելու, էդ մոռացեք»: Հրանտ Մարգարյանը նաև ավելացրել էր. «Մենք իրան (Ռոբերտ Քոչարյանին.- Մ.Ս.) քաղաքական հենարան չենք եղել, իր քաղաքական հենարանը եղել է Հանրապետականը… Ռոբերտ Քոչարյանին հարգել ենք, հարգում ենք, բայց մենք Ռոբերտ Քոչարյանի հետևորդը չենք, Ռոբերտ Քոչարյանը մեր ղեկավարը չի, Ռոբերտ Քոչարյանն անձ է, Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ կուսակցություն չի, որ կարողանանք իր հետ համագործակցություն սկսենք»: Աղվան Վարդանյանը, փաստորեն, այսօր հիշեցրել է, որ ի տարբերություն Դաշնակցության՝ Քոչարյանը «նույնիսկ կուսակցություն չի»:

Տեսանյութեր

Լրահոս