«Նախագահը հստակ հայտարարեց, որ այսուհետև Հայաստանը կկիրառի բոլոր անհրաժեշտ իրավական ու ռազմաքաղաքական մեխանիզմները՝ Ադրբեջանին զսպելու համար»
Պատգամավոր Կարինե Պողոսյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
«Վերջին շրջանում կրկին սրվել է հայ-ադրբեջանական հակամարտությունը Արցախում և Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում: Ես չեմ կարող իմ մտահոգությունը չհայտնել սահմանին տիրող իրավիճակի շուրջ: Ցավակցում ու զորակցում ենք զոհված զինվորների ընտանիքներին ու հարազատներին: Խոնարհվում նրանց ծնողների առաջ և որպես հայ մայր՝ սգում ենք մեր զավակների կորուստը:
Բարբարոս թշնամու՝ սահմաններ չճանաչող վայրագության զոհը դարձած խաղաղ բնակիչների և զինվորների մահվան ցավն ու կսկիծը պետք է սթափեցնող լինի:
Ադրբեջանն իր այս ռազմավարությամբ ջանում է երկու ուղղութամբ հաջողությունների հասնել. մի կողմից փորձում է վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանում՝ ստիպելով հայկական կողմին գնալ զիջումների բանակցային գործընթացում, մյուս կողմից ճնշում է գործադրում միջազգային հանրության վրա: Միջնորդները սակայն, չգիտես ինչու, ամեն անգամ իրենց կոչն ուղղում են ինչպես Ադրբեջանին, այնպես էլ հայկական կողմին: Ստացվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները չեն ցանկանում տեսնել, որ Ադրբեջանը նախահարձակ է լինում և խախտում հրադադարի ռեժիմը՝ ահաբեկչական գործողություններով սպառնալով խաղաղ բնակչությանը:
Բնական է, որ մենք այսպիսի իրավիճակում չենք կարող ձեռքներս ծալած նստել: Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ ու դավադիր գործողությունների դիմակայումը, արժանի հակահարվածներն ու զսպող, կանխարգելող գործողություններն ապացուցեցին, որ մեր բանակը կայացած կառույց է: Փաստ է, որ ունենք պատրաստված, գրագետ զինվորներ՝ սկսած սպայական անձնակազմից մինչև շարքայինը:
Մենք կողմնակից ենք խնդրի խաղաղ կարգավորմանը: Եվ այս առումով ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել ամեն օր սահմաններում իր առաքելությունը մարտական լավագույն պատրաստվածությամբ իրականացնող Հայոց բանակի դերը երկրի խաղաղության պահպանման գործում:
Չեմ կարող չնշել, որ այս լարված օրերին նշանակալի էր ՀՀ նախագահի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին: Իհարկե ընդդիմությունը անընդհատ շահարկում է այն, իբր իշխանական թևի պատգամավորները միշտ գովաբանում են նախագահի գործունեությունը: Իսկ ինչո՞ւ չխոսել ճշմարտության մասին: Սիրելի՛ գործընկերներ, պետք չէ ճշմարտությունը բարձրաձայնելուց խուսափել: Եվ ահա այս դեպքում ակնհայտ է, որ նախագահի ելույթը նշանակալի ու կարևոր ուղերձ էր միջազգային հանրությանը:
Հատկանշական է, որ Նախագահն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողությունների, արդեն սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի՝ կրակի տակ պահելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը: Նա մանրամասն ներկայացրեց ստեղծված իրավիճակը և մի քանի հարցադրումներով հստակ ցույց տվեց, որ սահմանային վերջին միջադեպերը բացառապես ադրբեջանական սադրանքի արդյունք են, և Ադրբեջանն է կրում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը: Նախագահը հստակ հայտարարեց, որ այսուհետև Հայաստանը կկիրառի բոլոր անհրաժեշտ իրավական ու ռազմաքաղաքական մեխանիզմները՝ Ադրբեջանին զսպելու համար: Սա տարբեր լսարանների ուղղված հայտարարություն էր:
Վստահ ենք, որ թե՛այս ելույթը, թե՛ առհասարակ հայկական կողմի պատասխանը որոշակի դրական արդյունք կունենան կոնֆլիկտի կարգավորման գործընթացում»: