Բաժիններ՝

Տնտեսական աճը 2015 թվականին գնահատվում է 0.4-2.0% միջակայքում. ԿԲ փոխնախագահ

Այսօր ԱԺ նիստում ՀՀ ԿԲ 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկման ժամանակ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրեց, որ ԿԲ կանխատեսումների համաձայն՝ 2015 թ. ընթացքում 12-ամսյա գնաճը կտատանվի հիմնականում 4% + 1.5 տոկոսային կետ թույլատրելի միջակայքի վերին հատվածում և տարեվերջին կմոտենա նպատակային ցուցանիշին՝ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կայունանալով դրա շուրջ: Արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրի պարագայում 2015 թ. տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն, իսկ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կարագանան՝ աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

Նա նշեց, որ կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ 2015 թ. թե՛ մասնավոր սպառումը և թե՛ մասնավոր ներդրումները կկրճատվեն: Տարվա ընթացքում նախատեսվող հարկաբյուջետային ազդակը (հաշվարկված նախորդ տարվա նկատմամբ) գնահատվում է փոքր ընդլայնող: 2015 թ. կանխատեսվում է ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճ 7.0-9.0% միջակայքում, ապրանքների և ծառայությունների ներմուծման իրական նվազում 4.0-6.0% միջակայքում, իսկ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասով ակնկալվում է դոլարային արտահայտությամբ զուտ շուրջ 30% նվազում: Տնտեսական աճը 2015 թ-ին գնահատվում է 0.4 – 2.0% միջակայքում` հիմնականում պայմանավորված տնտեսության արտահանելի հատվածի աշխուժացմամբ:

Ծրագրում նշվում է, որ համաշխարհային տնտեսության զարգացման հետագա ընթացքի վերաբերյալ անորոշությունները և ռիսկերը ներկայումս առավել նշանակալի են դարձել հատկապես զարգացող երկրների համար: Դրանք պայմանավորված են զարգացող երկրներից կապիտալի արտահոսքով դեպի զարգացած երկրներ և ապրանքահումքային շուկաներում միջազգային գների անկման հետ կապված՝ տնտեսական աճի հեռանկարների վատթարացմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս