Կալիֆոռնիայում օրինականացրել են էվթանազիան
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի նահանգապետ Ջերի Բրաունը օրինագիծ է ստորագրել անբուժելի հիվանդների էվթանազիայի իրավունքի մասին: Այսկերպ, Կալիֆոռնիան դարձավ հինգերորդ նահանգն ԱՄՆ-ում, որտեղ օրինականացվել է կյանքից ինքնակամ հեռանալու հիվանդների իրավունքը:
Անձամբ Բրաունը, ով կաթոլիկ է, նշել է, որ չգիտի, թե ինչ կաներ անտանելի ցավերի պարագայում, երբ գիտակցեր, որ մահանում է, սակայն իրեն հանգստացնում է այն հնարավորությունների գիտակցումը, որը երաշխավորում է իր կողմից ստորագրված փաստաթուղթը:
Կալիֆոռնիական օրենքի համաձայն՝ էվթանազիայի մասին դրական որոշման համար երկու բժշկից բաղկացած կոնսիլիումը պետք է որոշի, որ հիվանդին մնացել է ապրելու վեց ամսից ոչ ավելի ու նրա բանականությունն առողջ է:
ԱՄՆ մյուս նահանգներից էվթանազիան թույլատրվել է Մոնտանայում, Օրեգոնում, Վերմոնտում, Վաշինգտոնում:
Էվթանազիան օրինականացված է նաև Բելգիայում, Հոլանդիայում ու Շվեյցարիայում: