Ավելի քան 3 հազար զինյալ է փախել Սիրիայից Հորդանան
ԴԱԻՇ-ի, «Ջեբխատ ան-Նուսրայի» ու «Ջեյշ ալ-Յարմուկ» խմբավորումների ավելի քան 3 հազար զինյալ է Սիրիայից փախել Հորդանան՝ վախենալով սիրիական բանակի հարձակումից, RIA Novosti-ն հայտնել է ռազմական աղբյուրը:
«Նվազագույնը 3 հազար զինյալ ԴԱԻՇ-ից, «Նուսրայից» ու «Ջեյշ ալ-Յարմուկից» փախել է Հորդանան: Նրանք վախենում են բոլոր ճակատներով բանակի ակտիվացումից ու վախենում են ռուսական ինքնաթիռների ավիահարվածներից»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով՝ Սիրիայի բանակը կիրակի հարվածներ է հասցրել ԴԱԻՇ-ի ու «Ջեբխատ ան-Նուսրայի» զինյալներին Դամասկոսի արվարձանում, Դեր Զոր ու Հոմս նահանգներում, այդ թվում՝ Պալմիրայում:
Դեր Զորում բանակը հարվածներ է հասցրել ԴԱԻՇ-ի զինյալներին: Օպերացիայի ընթացքում ոչնչացվել է 160 զինյալ:
Հոմս նահանգում սիրիացի զինվորականները ոչնչացրել են ԴԱԻՇ-ի երկու շարասյուն Պալմիրայի մոտ՝ Սեխնի շրջանում:
Ռազմական աղբյուրի տվյալով՝ սիրիացի ու օտարերկրացի ահաբեկիչների միջև լուրջ տարաձայնություններ կան ղեկավարելու իրավունքի հետ կապված: