Թբիլիսիի օդանավակայանում հսկողություն կիրականացնեն կինոլոգները՝ շների հետ
ԱՄՆ-ի իշխանությունները Վրաստանին են փոխանցել Թբիլիսիի միջազգային օդանավակայանի պահպանության K9 նախագիծն արտերկրում հատուկ ուսուցում ստացած կինոլոգների ու շների օգնությամբ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով երկրի ֆինանսների նախարարությանը:
Նախագիծը Վրաստանում սկսել է գործել 2013 թվականին: 10 կինոլոգներ՝ իրենց շների հետ՝ երկուսը՝ եկամուտների ծառայությունից ու ութը՝ պարեկային ոստիկանության դեպարտամենտից, նախապատրաստական աշխատանք են անցել ԱՄՆ-ում ու Թուրքիայում:
ԱՄՆ-ում ուսուցում են ստացել նաև 2 մարզիչ կինոլոգներ:
«ԱՄՆ-ի կառավարությունը ամբողջությամբ վրացական կողմին է հանձնել K9 նախագիծը ու հիմա այն կշարունակվի Վրաստանի ներքին գործերի նախարարության ու ֆինանսների նախարարության աջակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: