Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալները ոչնչացրել են Պալմիրայի Հաղթական կամարը

ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայի Պալմիրա քաղաքում պայթեցրել են Հին Հռոմի ժամանակ կառուցված Հաղթական կամարը, հայտնում է Հնագույն հուշարձանների պահպանության սիրիական պետական գործակալությունը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես ենթադրում են պատմաբանները, 2-րդ դարում կառուցված կամարը մարմնավորում էր կայսրական զորքերի հաղթանակներից մեկը:
«Հաղթական կամարը փոշիացրել են: ԴԱԻՇ-ի զինյալներն այն ոչնչացրել են»,- AFP-ին տված հարցազրույցում ասել է Պալմիրայից մի ակտիվիստ՝ Մուհամմեդ Հասան ալ-Հոմսին:

Հնագույն հուշարձանների պահպանության սիրիական պետական գործակալության ղեկավար Մաամուն Աբդուլքարիմը հաստատել է կամարի ոչնչացման փաստն ու Reuters-ին տված հարցազրույցում ասել, որ եթե քաղաքը մնա ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ, ապա դրա «ճակատագիրը վճռված է»:

Ավելի վաղ ԴԱԻՇ-ը ոչնչացրել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող օբյեկտներ: Իսլամիստները ոչնչացնում են հնագույն հուշարձանները՝ դրանք համարելով հեթանոսական խորհրդանիշներ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը հնագույն հուշարձանների ոչնչացումը բնութագրել է որպես «ողբերգություն ողջ մարդկության համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս