«Դեմ եմ որևէ օտար «սապոգի» տեղակայման մեր շփման գծում»

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ մեր բանակի պրոֆեսիոնալիզմը շատ բարձր է, որի արդյունքում՝ եթե մենք տալիս ենք 5 զոհ, ադրբեջանական կողմը տալիս է 25 զոհ, բայց, ըստ նրա՝ դա ոչ մի արդյունք չի տալիս այս իրավիճակում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կարծիք հայտնեց, որ հայկական կողմը պետք է անի այնպիսի գործողություններ, որոնք խաղաղություն կտրամադրեն:

Ըստ նրա՝ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու իմաստով՝ ողջունելի է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի այն հայտարարությունը, որ սեղանին կդրվի զինադադարի նոր պայմանագիր. «Այդ հայտարարության մեջ կային կանխարգելիչ տարրեր, ու հիմա արդեն 4 օր է՝ մենք նրա այդ հայտարարության արդյունքը տեսնում ենք»:

Նրա խոսքով՝ պատրանքներ են հայ որոշ փորձագետների այն մոտեցումները, որ ադրբեջանցիները պատերազմ չեն անի փողի պատճառով. «Ալիևը փողը չի ափսոսա պատերազմի վրա, նա հենց փողը կուտակում է պատերազմի համար»:

Լ. Շիրինյանը կարծում է նաև, որ պետք է լինի դաշնակիցների անընդհատ որոնում: Հարցին՝ Ռուսաստանն իրեն չի՞ արդարացնում, որ այլ դաշնակիցներ որոնենք, քաղաքագետն այսպես պատասխանեց. «Եթե դուք ունեք մեկ դաշնակից, նա ձեզ մատների վրա կխաղացնի, եթե ունենաք մի քանի դաշնակիցներ, ապա ընտրության ավելի մեծ հնարավորություն կունենաք»:

Քաղաքագետը նաև դեմ է, որ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ խաղաղապահներ տեղակայվեն. «Դեմ եմ որևէ օտար «սապոգի» տեղակայման մեր շփման գծում, քանի որ խաղաղապահները շատ հաճախ դրվում են կռիվ սարքելու համար»:

 

Տեսանյութեր

Լրահոս