Փարիզում Գերմանիայի, Ֆրանսիայի, ՌԴ-ի ու Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ սկսվել է «նորմանդյան քառյակի» հանդիպումը
Փարիզում սկսվել է «նորմանդյան քառյակի» հանդիպումը, որը թվով արդեն երրորդ հանդիպումն է այդ ձևաչափով: Հանդիպմանը մասնակցում են Գերմանիայի, Ֆրանսիայի, ՌԴ-ի ու Ուկրաինայի նախագահները, հայտնում է RIA Novosti-ն:
Վերջիններս հավաքվել են Ելիսեյան պալատի Մյուրատի սրահում՝ քննարկելու Դոնբասի կոնֆլիկտի կարգավորման ուղիները: Քննարկվելու են մինսկյան համաձայնագրերի կյանքի կոչման հարցերը, այդ թվում՝ առաջնագծից ռազմական տեխնիկայի հետ քաշումն ու ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի արևելյան հատվածներում ընտրությունների անցկացումը, ԵԱՀԿ դիտորդներին այդ ընտրություններում մատչում տրամադրելն ու այլ հարցեր:
«Նորմանդյան քառյակին» ռուսական կողմից մասնակցում են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչ Յարոսլավ Մոսկալիկը:
«Նորմանդյան քառյակի» նախորդ՝ բարձր մակարդակով հանդիպումը տեղի էր ունեցել Մինսկում փետրվարի 11-12-ը:
Ընդհանուր առմամբ՝ նախագահները ուկրաինական հարցը քննարկել են 16 ժամ, ինչի արդյունք են դարձել «Մինսկ-2» անվանումն ստացած պայմանավորվածությունները:
Այսօր աշխատանքային ծրագիրը բացվել է Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ֆրանսուա Օլանդի երկկողմ հանդիպմամբ: Այնուհետ կայացել է ՌԴ նախագահի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը:
Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպել է Ֆրանսիայի նախագահի հետ:
Ինչպես հայտնի է դարձել Պորոշենկոյի մամլո ծառայության հաղորդագրությունից, Ուկրաինայի նախագահը Ֆրանսուա Օլանդին հրավիրել է պաշտոնական այցով Ուկրաինա: Օլանդն ընդունել է հրավերը: