Բաժիններ՝

Ադրբեջանում լրջորեն մտածում են Էլմար Մամեդյարովին պաշտոնանկ անելու մասին. Minval.az

Ադրբեջանական minval.az կայքն իր ծավալուն հոդվածում, հղում կատարելով իր աղբյուրներին, գրում է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գործունեությունը վերջին շրջանում սկանդալների տեղիք է տալիս՝ կապված արտգործնախարարությունում հայտնված պատահական անձանց հետ, ովքեր իրականացնում են դիվանագիտական գործառույթներ: Ըստ կայքի աղբյուրների՝ իշխանական կուլիսներում լրջորեն քննարկվում է նրան այլ պաշտոնի տեղափոխելու հարցը:

Նշվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ում կադրային քաղաքականության ու կոռուպցիայի մասին ավելի վաղ ևս խոսվել է, սակայն ԵՄ-ին կից Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ներկայացուցիչ, նախկին դեսպան Արիֆ Մամեդովի հետ կապված սկանդալից, ինչպես նաև մի քանի դիվանագետների «բունտից» հետո իշխանական օղակներում ավելի է մեծացել անհանգստությունը:

«Տեղի ունեցածն ամրապնդել է իշխանությունների կարծիքն այն մասին, որ Էլմար Մամեդյարովը չի կարող պատշաճ մակարդակով վերահսկել դեսպանությունների աշխատանքը: Փաստերի ընդունումը՝ կապված կոռուպցիայի հետ ու անգամ քրեական գործերի հարուցումն արտգործնախարարին չեն ազատում պատասխանատվությունից»,- գրում է կայքը:

Պարբերականը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունը լրջորեն մտածում է ԱԳՆ-ի սկանդալների ֆոնին նրան այդ կառույցում փոխարինելու մասին: Նշվում է, որ ադրբեջանցի դիվանագետների՝ արտերկրում ապաստան ստանալու խնդրանքները «Հայաստանի հետ տեղեկատվական պատերազմի շրջանում թուլացնում են Ադրբեջանի դիրքերը Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններում»:

Նշվում է, որ 2004 թվականի ապրիլից Ադրբեջանի արտգործնախարար նշանակված «Մամեդյարովի գործունեությունը՝ կապված Ղարաբաղի հետ, լուրջ հարցեր է առաջացնում»:

Minval.az-ը ափսոսանքով նկատում է, որ այն ժամանակ, երբ «Լեռնային Ղարաբաղում ավելանում են տարբեր երկրների ներկայացուցիչների անօրինական այցերը, ԱԳՆ-ն սահմանափակվում է միայն այդ մարդկանց անունները «սև ցուցակ» գցելով՝ համարելով, թե իր առաքելությունն ավարտված է»:

Կայքը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրում է, որ Մամեդյարովին փոխարինելու հարցը վերջնականապես դրված է Ադրբեջանի իշխանությունների օրակարգում, ու որ նրան նշանակելու են ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ:
Կայքը նշում է, որ որպես Ադրբեջանի արտգործնախարար շրջանառվում է Արազ Ազիմովի անունը, ով թեև «չունի պրոֆեսիոնալ դիվանագիտական կրթություն, սակայն երկար տարիներ ԱԳՆ-ում աշխատելու փորձ ունի»:

Ազիմովը 1994 թվականից զբաղեցնում է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը:

Նշվում է, որ Ազիմովը դեռևս Հեյդար Ալիևի օրոք զբաղեցնում էր Ղարաբաղի հարցով հատուկ լիազոր ներկայացուցչի պաշտոնը: Ի տարբերություն Մամեդյարովի՝ Ազիմովն ավելի կոշտ հայտարարություններով է հանդես գալիս ղարաբաղյան հարցի վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս