Ադրբեջանն ու ԵՄ-ն միմյանց կարիք ունեն. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանն ու Եվրամիությունը միմյանց կարիք ունեն ու որոշ ժամանակ անց երկու երկրների հարաբերությունները կվերականգնվեն: Այս մասինն, ինչպես տեղեկացնում է Trend-ը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիևը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ու Եվրամիության հարաբերությունները Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևից հետո:

Նրա խոսքով՝ Եվրոպական խորհրդարանի կողմից այդ բանաձևից հետո չեղյալ է հայտարարվել Եվրահանձնաժողովի պատվիրակության այցը:

Այդ այցի ընթացքում պետք է քննարկվեին Ադրբեջանի ու Եվրոպայի միջև նոր ռազմավարական համաձայնագրի դետալները:

«Այս պահին այդ գործընթացը կասեցվել է, ու մեզ հարկավոր է մի փոքր սպասել: Մենք հուսով ենք, որ հարաբերությունները կվերականգնվեն: Նման բան Ադրբեջանի ու Եվրոպայի միջև առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում»,- ասել է նա:

Ինչպես նշել է Մամեդգուլիևը, Եվրոպական խորհրդարանի տվյալ քայլը չի համապատասխանում երկու երկրների միջև եղած հարաբերությունների ոգուն: Վերջինիս կարծիքով՝ Եվրոպական խորհրդարանի նման գործողությունների հետևում կանգնած է հայկական լոբբին, ինչպես նաև այլ ուժեր:

Մամեդգուլիևի խոսքով՝ ԵՄ մյուս կառույցները՝ Եվրահանձնաժողովը, Եվրոպայի խորհուրդը, այլ դիրքորոշում ունեն:

«Նրանք ցանկանում են, որ համագործակցությունը Ադրբեջանի հետ ավելի շատ զարգանա: Այդ պատճառով հարկավոր է մի փոքր սպասել: Հուսով եմ՝ Ադրբեջանի ու ԵՄ-ի հարաբերությունները կվերականգնվեն ու ավելի ինտենսիվ կերպով կզարգանան»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս