Ինչ հանձնարարություն կստանա Սյունիքի մարզպետը որդու ազատության դիմաց. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հերթական, արդեն երկրորդ անգամ ազատության մեջ է հայտնվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Հայաստանի քննչական կոմիտեն դիմել էր գլխավոր դատախազություն Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու համար: Ինչպես հայտնի է, Տիգրան Խաչատրյանը կալանավորվել էր «Սդղի գյոլի» հայտնի գործով:

Եվ ահա վերջերս պարզվեց, որ տուժողները փոխել են ցուցմունքն ու ասել, որ Խաչատրյանը չի եղել իրենց ծեծողը:

Հաջորդ քայլն, իհարկե, Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելն էր, այսինքն՝ նրա անպատժելիության հերթական արձանագրումն անելը, ինչն էլ ըստ էության տեղի ունեցավ երեկ: Սյունիքի մարզպետը հայտարարել է, որ արդարությունը հաղթել է, և իր որդին ազատության մեջ է: Դե, իհարկե, արդարությունը հաղթել է, պարտվել է արդարադատությունը: Բանն այն է, որ արդարությունն, իհարկե, շատ հարաբերական հասկացություն է: Թվում է, որ արդար է, երբ օրենքը խախտողը պատժվում է: Մյուս կողմից՝ Սուրիկ Խաչատրյանի որդին հո միակ օրենքը խախտողը չէ Հայաստանի իշխանական համակարգում: Սակայն մյուս օրենք խախտողները մնում են անպատիժ: Եվ այդ տեսանկյունից, իհարկե, Խաչատրյանն իրավացի էր՝ արդարությունը հաղթեց, քանի որ արդար չէ, երբ ոչ բոլորն են պատժվում, իսկ իր որդին կալանքի տակ է:

Սակայն արդարության հաղթանակն, իհարկե, վերջնական չէ: Վերջնական դառնալու համար մնում է, որ մյուս քայլով Տիգրան Խաչատրյանը նշանակվի, ասենք, Գորիսի քաղաքապետ: Ի վերջո, ինչով է Սուրիկ Խաչատրյանի որդին պակաս որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի որդուց: Միայն այդպես արդարությունը կդառնա լիարժեք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս