Բաժիններ՝

Western Union-ը Հայաստանից հեռացել է քաղաքական խնդիրների պատճառով.Հիքմեթ Էրսեկ

Միջազգային դրամական փոխանցումների Western Union համակարգի նախագահ Հիքմեթ Էրսեկը հարցազրույց է տվել ռուսական «Վեդոմոստի» պարբերականին: Հարցազրույցի ժամանակ Հիքմեթ Էրսեկը անդրադարձել է նաև Հայաստանում համակարգի գործունեության դադարեցման հարցին:

Ըստ Հիքմեթ Էրսեկի՝ Հայաստանի և Ադրբեջանի շուկաների միջև ընտրության խնդիրը Լեռնային Ղարաբաղն ու առկա քաղաքական հարցերն են:  «Երկու երկրների կենտրոնական բանկերը մեզ կանգնեցրել էին ընտրության առաջ. մենք կարող էին բիզնես սկսել միայն երկու երկրներից մեկում: Ես կցանկանայի, որ մենք կարողանայինք Հայաստանում ևս աշխատել, սակայն մենք ստիպված ենք հարմարվել հանգամանքներին: Եթե ապագայում Հայաստանն իր համաձայնություն տա, ես հաճույքով այնտեղ բիզնես կսկսեմ»,- ասել է Հիքմեթ Էրսեկը:

Հիշեցնենք, որ 2008 թվականին Հայաստանի կենտրոնական բանկը մեր երկրի տարածքում գործող բանկերին արգելել էր միանալ Western Union միջազգային դրամական փոխանցումների համակարգին:

Կենտրոնական բանկի հայտարարության համաձայն՝ այս որոշումը կայացվել էր բանկերի ռիսկայնությունը զսպելու նպատակով: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր. «արձանագրվել են Western Union համակարգի կողմից անհիմն և չպատճառաբանված կերպով Հայաստանի տարածքում գործող բանկերի հետ կնքված պայմանագրերի դրույթների խախտման դեպքեր, այն է` որոշ բանկերի մասնաճյուղերում դադարեցվել է սպասարկումը, ինչը կարող է խաթարել բանկերի բնականոն գործունեությունը, նրանց ֆինանսական վիճակը և հանգեցնել անկանխատեսելի իրավիճակների դրամական փոխանցումների հատվածում, ինչպես նաև ազդել երկրի տնտեսական, ֆինանսական և իրական հատվածների վրա»:

Ավելի վաղ, մինչ կենտրոնական բանկի այս որոշումը Ադրբեջանը մի շարք դրամական փոխանցումների համակարգերից, այդ թվում և Western Union-ից պահանջել էր դադարեցնել գործունեությունը ԼՂՀ տարածքում՝ սպառնալով արգելել համակարգերի գործունեությունն Ադրբեջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս