Աշխարհի խոհանոցը. ի՞նչ է պատրաստում ՄԱԿ-ի շեֆ-խոհարարը գլխավոր ասամբլեայի հյուրերի համար
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի մասնակիցների համար կերակրացանկը կազմվում է դեռ հունվարին, իսկ ուտստները սկսում են պատրաստել միջոցառումից 2 օր առաջ, հայտնում է LifeNews-ը:
ՄԱԿ-ի շեֆ-խոհարար Դեն Լոպեսը պատմել է այն ուտեստների մասին, որոնք պատրաստվում են Նյու Յորք ժամանած նախագահների ու կառավարությունների ղեկավարների համար:
Խոհարարի խոսքով՝ կազմակերպությունում նախընտրում են դասական ֆրանսիական խոհանոցը: Ընդ որում՝ ժամանող նախագահների համար մենյու կազմելն ավելի բարդ է, քան ռեստորանի 4 հազար այցելուի կերակրելը, խոստովանում է խոհարարը:
«Ռեստորանի 4 հազար այցելուի կերակրելը, երևի թե, ավելի հեշտ է, քան 170-180 պետությունների ղեկավարներին, քանի որ սովորաբար չկա անվտանգության նման խիստ համակարգ»,- ասել է Դեն Լոպեսը:
Նախկինում գագաթաժողովի մասնակիցների համար պատրաստել են ֆուա-գրա, փայլաթիթեղի մեջ եփված հորթի միս, հավի կոտլետներ, ինչպես նաև ոչխարի միս ու մինյոն ֆիլե:
«Համենայն դեպս, այստեղ իմ աշխատանքի 12 տարիների ընթացքում այդ ուտեստները ներառված են եղել կերակրացանկում: Մենք պատրաստում ենք ինչ-որ ձկնային ուտեստներ, բուսական»,- բացատրել է Դեն Լոպեսը:
Շեֆ-խոհարարի խոսքով՝ հյուրերի համար լանչի ուտեստներ կազմելիս ինքն ու իր գործընկերներն առաջնորդվում են Արարողակարգի ծառայության հրամաններով:
Հենց նրանք են համտեսում գինին ու պատրաստված խորտիկները, ուտեստներն ու աղանդերները, ինչից հետո որոշում են՝ ինչ դնել երկրների ու կառավարությունների ղեկավարների սեղանին:
Բացի այդ՝ հատուկ ուտեստներ են պատրաստվում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի դիետա պահող անդամների համար: