Բաժիններ՝

ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է բենզինի, դեղորայքի և այլ ոլորտներում կատարված համատեղ ուսումնասիրությունների արդյունքները

Երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու Մոսկվայում ընթացող «Մրցակցության շաբաթը Ռուսաստանում» խորագրով միջազգային համաժողովին:

Համաժողովը եզակի է, թե ներկայացուցչական կազմով և թե քննարկվող հարցերի լայն շրջանակով: Համաժողովին մասնակցում են երկու տասնյակից ավելի երկրների մրցակցային մարմինների ղեկավարներ, միջազգային փորձագետներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՌԴ հակամենաշնորհային ծառայության կոլեգիայի հոբելյանական նիստ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

Երկու երկրների տնտեսական մրցակցության զարգացման բնագավառում ունեցած նշանակալի ներդրման, ինչպես նաև տնտեսական ոլորտի ձեռքբերումների համար ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը պարգևատրվեց հատուկ շքանշանով:

Նիստի ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, որոնք կօժանդակեն նվազեցնել ԵՏՄ տարածքում ապրանքային շուկաների մուտքի խոչընդոտները:

Ա. Շաբոյանը համաժողովում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի և Ռուսաստանի մրցակցային մարմինների ակտիվ համագործակցության արդյունքները: Նա մասնավորապես խոսել է ավիացիայի, երկաթուղային փոխադրումների, բենզինի, դեղորայքի և այլ ոլորտներում կատարված համատեղ ուսումնասիրությունների մասին՝ ընդգծելով, որ ԵՏՄ անդամակցությունից հետո համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակով է իրականացվում:
Արտակ Շաբոյանը անդրադարձել է նաև միջազգային ռոումինգ սակագների խնդրին, նշելով, որ այս պահին ռուս գործընկների հետ համատեղ մշակվող համակարգը թույլ կտա, որպեսզի առաջիկա 3 տարիների ընթացքում միջազգային հեռախոսակապի ծառայությունները հավասարվեն, կամ մոտ կլինեն տվյալ երկրի ներքին տարիֆներին: Խոսքը գնում է միջազգային հեռախոսակապի ծառայությունների այսօրվա արժեքի՝ մոտ վեց անգամ նվազման մասին:

Համաժողովում ներկայացվել է նաև պետական գնումների արդյունավետ կազմակերպման հարցը. Որպես օրինակ Ա. Շաբոյանը նշեց վերջերս «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կատարված ուսումնասիրությունների մասին: Ընկերությունը ավելի քան 91 միլիարդ դրամի ներդրումներ է իրականացրել, սակայն, ըստ ներկայացված փաստաթղթերի աշխատել է մեծ վնասով: Մրցակցային հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են, որ ընկերության համար անհրաժեշտ ապրանքները գնվել են ընթացակարգերի խախտմամբ՝ շուկայականից անհամեմատ բարձր գներով, ինչն էլ վնասի առաջացման հիմնական պատճառն է հանդիսացել: Ներկայացված գործը հետաքրքրել է ռուս գործընկերներին, ովքեր խնդրել են վարույթը իրականացնել համատեղ:

Ա. Շաբոյանը ներկայացրել է նաև ռուսական «Յուտեյր Արմենիա» ավիաընկերության գործը, որը Հայաստանում գովազդել էր, որ իրականացնում է Մոսկվա-Երևան-Մոսկվա միջազգային չվերթներ՝ մեկ ուղղությունը 49 եվրո արժեքով: Սակայն, պարզվել է, որ ավիատոմսի նվազագույն արժեքը մեկ ուղղությամբ կազմել է 126,48 եվրո: Քանի որ «Յուտեյր Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետեր է հանդիսանում ՌԴ-ում գրանցված «Յուտեյր լիզինգ» ՍՊԸ-ն, գործը փոխանցվել էր ՌԴ գործընկերներին: Հայաստանում իրականացված ուսումնասիրությունների հիման վրա, ՌԴ հակամենաշնորհային ծառայությունը վարչական վարույթ է հարուցել «Յուտեյր լիզինգ» ընկերության հանդեպ:

Միջազգային համաժողովի օրակարգում էին նաև տասնյակ այլ հարցեր, որոնք կօժանդակեն նվազեցնել մուտքի խոչընդոտներն ու մրցակցային այլ խնդիրները Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:

ՀՀ ՏՄՊՊՀ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս