«Բերե՞ց, սատկացրե՞ց, կրակե՞ց». Վերնիսաժում հնչած կրակոցների գործով ճառով հանդես եկավ պաշտպանները

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով նիստի ընթացքում ճառով հանդես եկան ամբաստանյալների պաշտպանները:

Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ ըստ էության չեն ցանկանում օգտվել ճառով հանդես գալու իրենց իրավունքից. «Ընդամենը խնդրում եմ Ներսես Մելքոնյանի նկատմամբ դատական ակտ կայացնելիս՝ հաշվի առնել նրան բնութագրող և կենսագրական տվյալները, որոնք դատաքննության ընթացքում արդեն իսկ հետազոտվել են»:

Ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանն ասաց, որ Վալերիկ Հովհաննիսյանը պետք է արդարացվի, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է փոխվի:

Նրա խոսքով՝ Վալերիկ Հովհաննիսյանն այս գործով չպետք է մեղադրվեր, նրան մեղադրանք չպետք է առաջադրվեր. «Նա ընդամենը տուժող է»: Նա նշեց, որ մեղադրողն իր ճառում վկայակոչեց մի շարք անձանց ցուցմունքներ, սակայն վկաներից մեկի վերաբերյալ, ով Ոստիկանության նախկին աշխատակից է, իր մոտ կասկածներ կան, որ նա, հնարավոր է, դեպքի վայրում չի եղել կամ բավական հեռու կանգնած «թամաշա է արել», թե ինչ է կատարվում: Նա նշեց, որ երբ դատաքննության ընթացքում ինքը վկային հարցրել է, թե ինչու է առաջին ցուցմունքում այլ հանգամանքներ հայտնել, մյուսներում՝ այլ, նա պատասխանել է, որ նստել է Քրեական հետախուզության աշխատակիցների սենյակում, լսել որոշակի հանգամանքներ, ներկայացրել է այն, ինչ իբր հայտնի է եղել: Ըստ նրա՝ այդ վկայի և քրեական գործի ելքով շահագրգռված այլ վկայի ցուցմունքների հիման վրա կառուցվել է իր պաշտպանյալի մեղադրանքը: «Դժվար թե որևիցե մեկը, նաև նիստերի դահլիճում գտնվողներից, ինձ համոզի, որ Գոռ Առաքելյանն այն երիտասարդն է, որ կարող է նրա նկատմամբ բռնություն կիրառվի, նրան հարվածեն, ինքն իր ավտոմեքենայի մեջ նստի և որևէ գործողություն չիրականացնի: Չի եղել նման բան: Դա իմ կարծիքն է, հարգելի դատարան: Իմ պաշտպանյալի կողմից Գոռ Առաքելյանի նկատմամբ բռնություն չի կիրառվել: Այն, որ նույն Արկադի Բաղդասարյանը հնչեցնում էր, որ Վալերի Հովհաննիսյանն ասել է՝ գնամ, ավտոմեքենայի միջից ատրճանակը հանեմ, բերեմ, սատկացնեմ, լուրջ չէ: Ինչպե՞ս կարելի է նման ձևով ներկայացնել, երբ այդպես ներկայացնելուց հետո իմ պաշտպանյալը՝ այդ «ագրեսիվ» Վալերիկ Հովհաննիսյանը, ընդամենը գնացել և նստել է իր ավտոմեքենան: Բերե՞ց, սատկացրե՞ց, կրակե՞ց»,- ասաց պաշտպանը: Նա նշեց, որ մինչ օրս չի հայտնաբերվել ավտոմեքենան, որն իրենց համար շատ կարևոր է: Նրա խոսքով՝ հնչեցված տեսակետը, որ հնարավոր է՝ իրենք են պահել մեքենան կամ տեղյակ են, իրականությանը չի համապատասխանում. Վալերիկ Հովհաննիսյանի մայրը հայտարարություն է տվել, քրեական գործ է հարուցվել, քննություն է կատարվում. «Ինչպե՞ս կարող էինք մենք ավտոմեքենան տանել, պահել և գնալ հայտարարություն տալ՝ նկատի ունելով, որ հետագայում, երբ այդ ամեն ինչը պարզվի, պատասխանատվության առաջ կանգնելու խնդիր է առաջանալու»:

Կարդացեք նաև

Նա կրկնեց, որ իր պաշտպանյալը Գոռ Առաքելյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. ըստ նրա՝ շատ կարևոր կլիներ, որ լինեին տեսաձայնագրման ժապավենները: Նրա խոսքով՝ շենքի լիազորը ցուցմունք է տվել և բացառել է տեսանկարահանող սարքերի՝ չնկարահանելու հանգամանքը կամ ոչ լիարժեք նյութ պարունակելու հանգամանքը՝ բացատրելով, որ նոր էին վերանորոգել, և նման բան չէր կարող լինել: Նշենք, որ ՀՀ Քննչական կոմիտեից մեզ հայտնել էին, որ դեպքի վայրի զննության ընթացքում Երևանի Վարդանանց 18/2 շենքի հատվածում հայտնաբերվել են տեսանկարահանման համար նախատեսված սարքեր՝ «ԴիՎիԱռ» և ՅուՊիես»:

Դրանք առգրավվել էին, նշանակվել էր համակարգչատեխնիկական և հետքաբանական փորձաքննություն, սակայն, ըստ Քննչական կոմիտեի, կատարված փորձաքննությամբ պարզվել է, որ նշված թվային տեսագրիչում առկա կոշտ սկավառակը գտնվել է անսարք վիճակում, ուստի դրանում պահպանված տեսագրություններ չեն հայտնաբերվել:

Նա նշեց, որ իր պաշտպանյալը հաշմանդամ ծնող ունի, որի միակ կերակրողն ինքն է:

Արայիկ Ալվանդյանն ասաց, որ դատախազի կողմից միջնորդված պատժաչափը բավական խիստ է: Նշենք, որ դատախազը միջնորդեց Վալերիկ Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Դատարանում այժմ ճառով հանդես է գալիս Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս