Բաժիններ՝

Հունգարիան Գերմանիային մեղադրել է «բարոյական իմպերիալիզմի» մեջ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեղադրել է Գերմանիային «բարոյական իմպերիալիզմի» մեջ՝ քննադատելով վերջինիս գործողությունները Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում:

Հանդես գալով Բավարիայի շրջանային խորհրդարանում՝ Օրբանը հայտարարել է, որ բոլոր որոշումները, որ կայացնում է Գերմանիան, պետք է տարածվեն միայն վերջինիս վրա, այլ երկրներ, ներառյալ Հունգարիան, չպետք է ենթարկվեն Բեռլինին:

Ինչպես նշում է Sueddeutsche Zeitung թերթը, Օրբանն առաջարկել է միգրացիոն ճգնաժամի լուծման սեփական տարբերակը: Վերջինս առաջարկում է ստեղծել սահմանային հսկողության միջազգային ծառայություն Հունաստանում, որի միջոցով է ներգաղթյալների մեծ մասը հայտնվում Եվրամիություն:

Բացի այդ՝ Հունգարիայի վարչապետը պահանջում է տարբերակել տնտեսական ներգաղթյալներին փախստականներից հենց ԵՄ ժամանելուն պես: Օրբանի գնահատմամբ՝ այդ նախաձեռնությունը կյանքի կոչելը Եվրամիությանը կարժենա 3 մլրդ եվրո:

Հունգարիան պատկանում է այն երկրների թվին, որոնք խիստ քննադատում են ԵՄ իշխանությունների որոշումը՝ ԵՄ երկրներում տեղակայել 120 հազար փախստականի:
Հունգարիայից բացի՝ այդ համակարգից դժգոհ են Չեխիան, Ռումինիան, Սլովակիան: Վերջինս խոստացել է փախստականների տեղաբաշխման քվոտային համակարգը բողոքարկել դատարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս