«Միայն դատարկաբանության մեծ սիրահարը կարող է նախագահին չափել սեփական արշինով»

Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով հարցադրումներին, թե ինչու են այդ փոփոխություններն անհրաժեշտ ՀՀ-ին, ասաց. «Առաջինը վերաբերում է այն հարցադրմանը, թե արդյոք անցումը կառավարման խորհրդարանական մոդելին, ՀՀ-ի ժողովրդավարության գործընթացները կարող է դարձնել ավելի անշրջելի: Համաշխարհային փորձով ապացուցված է, որ կառավարման խորհրդարանական մոդել ունեցող երկրները ժողովրդավարացման երաշխիքները շատ ավելի անխոցելի են, ասածս չի նշանակում, որ կիսանախագահական մոդելը ենթադրում է ոչ ժողովրդավարական միջավայր կամ ավտորիտարիզմի մեծ ներուժ պարունակող համակարգ»:

Երկրորդ հանգամանքն, ըստ նրա՝ այն է, որ չի կարող երկիր ընթանալ անխախտ ժողովրդավարացման ճանապարհով, եթե կուսակցական, քաղաքական համակարգը կայացած չէ. «Այստեղ, խոշոր հաշվով գործ ունենք հավի ու ձվի պատմության հետ, թե արդյոք անցումը խորհրդարանական համակարգի կնպաստի՞ քաղաքական համակարգի կայացմանը և քաղաքական կուսակցությունների ինստիտուցիոնալ առումով կարողությունների մեծացմանը, թե՝ հակառակը»:

Նաև հավելեց, թե Սահմանադրության նոր նախագիծը, որ ներկայացվում է իշխանության ավելի տարանջատված, պետք է նպաստի, որպեսզի իշխանության բոլոր մարմիններն ավելի արդյունավետ գործեն:

Ըստ նրա՝ սա հենց այն Սահմանադրությունն է, որը հնարավորություն է տալիս իրականացնել խաղաղ ու անցնցում իշխանափոխություն: «Քաղաքական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ սուրճի բաժակ նայելու տրամաբանությամբ, մրցավազքի մեջ են մտնելու նախագահի քաղաքական ապագայի հետ կապված, մի մասը պնդում է, որ նախագահը ցանկություն ունի դառնալու վարչապետ, մյուս մասը՝ ԱԺ նախագահ, երրորդ մասն ասում է, որ սա ֆաշիստական հնարավոր ռեժիմի ծնունդ կարող է հանդիսանալ: Այս առումով մի դիտարկում անեմ, որ միայն բուրժուադեմոկրատական հեղափոխություն խոստացող և այդ խոստումը շատ արագ մոռացող քաղաքական ուժի ներկայացուցիչը, այն է՝ դատարկաբանության մեծ սիրահարը, կարող է նախագահին չափել սեփական արշինով և նման պրիմիտիվիզմի մեջ մեղադրել»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս