Ի՞նչ կշահի Հայաստանը ռուբլով առևտուր անելուց. պարզաբանում է տնտեսագետը

«Իհարկե, ԵՏՄ կառույցը երկար կյանք չունի, բայց Հայաստանը երբևէ հանդես չէր եկել առաջարկներով, և կարծես հիմա փորձում ենք ավելի շատ խոսել ու ավելի շատ հանդես գալ առաջարկներով, քան ԵՏՄ անդամ մյուս երկրները: Վարչապետն առաջարկեց ԵՏՄ շրջանակներում երկրների միջև առևտուրն իրականացնել ռուբլով: Իսկ մինչ այդ Պուտինն առաջարկել էր առևտուրն իրականացնել ազգային արժույթներով: ԵՏՄ շրջանակներում ռուբլով առևտուրը բարձր ցուցանիշ չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

«2015թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ եթե Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 276 մլրդ դոլար է, ապա ԵՏՄ երկրներինը դրա 7.7%-ն է: Ընդ որում, դրա շուրջ 60 տոկոսն այսօր էլ իրականացվում է ռուբլով: ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի առևտուրը կազմում է 12.1%: ԱՊՀ երկրների մեջ էլ առևտրաշրջանառության 50%-ն իրականացվում է ազգային արժույթներով (հիմնականում՝ ռուբլով), իսկ մնացած 50-ը՝ եվրոյով կամ դոլարով: Այս բոլոր երկրներն աշխարհի մնացած հատվածի հետ իրենց հիմնական առևտրաշրջանառությունն իրականացնում են եվրոյով և դոլարով»,- պարզաբանեց նա:

Տնտեսագետը նկատեց՝ Ռուսաստանն ինքնուրույն է որոշում, թե ինչ արժույթով պետք է իրականացնի առևտուրը. «Մինչև հիմա Ռուսաստանը վաճառել է իրեն հարմար արժույթով՝ դոլարով, իսկ Հայաստանից գնել է էլի իրեն հարմար արժույթով՝ ռուբլով, ինչը հսկայական վնասներ է հասցրել մեր տնտեսվարողներին: Ռուբլով առևտուր անելը գուցե հնչեղ է, բայց Հայաստանն ընդամենը կարող է շահել դրամի փոխանակումից, ինչը չնչին գումար է»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս