Կարեն Բեքարյանն արդեն զբաղեցրել է Արփինե Հովհաննիսյանի նախկին աշխատասենյակը
ԱԺ նորընծա ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը, որն այսօր է անցել բուն պարտականությունների կատարմանը, արդեն ստացել է նաև աշխատասենյակ՝ Արփինե Հովհաննիսյանի նախկին աշխատասենյակը:
Լրագրողների հետ զրույցում Կ.Բեքարյանը նկատեց, որ ԱԺ-ն իրեն խորթ չէ՝ նախկինում 10 տարի աշխատել է այստեղ՝ որպես արտաքին հարցերի հանձնաժողովի փորձագետ:
Սակայն, ըստ նրա, այս նոր կարգավիճակում «մթնոլորտի մեջ մտնելու» և «նոր իրավիճակը մարսելու» խնդիր կա:
Կ.Բեքարյանը լիովին հանգիստ է վերաբերվում, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորները սեփական կամքով առաջնորդվելու հնարավորություն չունեն և կատարում են «վերևների» հրահանգները: Ըստ նրա՝ այս առումով կա 3 տարբերակ՝ սեփական կարծիքը արտահայտելու հնարավորություն չի կարող չունենալ ու կարող է բանավիճել խմակցությունում, բայց եթե խմբակցության որոշում կա, պետք է ենթարկվել, իսկ եթե ենթարկվելու տարբերակ չկա, ուրեմն թիմում անելիք չկա:
ԵՏՄ-ին կողմնակից խմբակցությունում եվրոպական ինտեգրման ջատագով Բեքարյանը նույնպես խնդիր չի տեսնում: Նա նշեց, թե երբեք խնդիր չեն դրել կամ-կամ-ի. «Արդեն 15 տարի է, մնում եմ եվրոպական ընտրության կողմնակից, բայց միաժամանակ ես շատ պարզ հասկանում եմ, որ կան իրողություններ, որոնք չես կարող հաշվի չառնել, դա անհնար է»: