«Հովիկ Սահակյանին հատուկ բացատրում եմ, և նաև Շարմազանովին, որովհետև նա էլ է երազախաբությամբ տարվում»
«Մենք մեր դիրքորոշումը չենք փոխել: Ոչ մի փոփոխություն չկա: Իրենք փորձում են մատուցել այդպես, իբր մենք եկել ենք բովանդակային քննարկման: Ես նորից Հովիկ Սահակյանին հատուկ բացատրում եմ և նաև Շարմազանովին, որովհետև նա էլ է երազախաբությամբ տարվում, որ շատ պարզ է, թե ինչ է նշանակում բովանդակային քննարկում: Բովանդակային քննարկում նշանակում է վիճել այս կամ այն դրույթի հետ, փորձել դրանք բարելավել: Մենք նման բան չենք անում, եթե անգամ անդրադառնում ենք այդ նախագծի դրույթներին, անում ենք մի նպատակով, որ ոչ թե մերկապարանոց լինեն մեր հայտարարությունները, որ իրենք փորձում են Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրություն իրականացնել, այլ ապացուցենք դա կոնկրետ դրույթներով: Դա իրենց ուզած բովանդակային քննարկման հետ որևէ առնչություն չունի»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՀԱԿ խմբակցութան ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ ԱԺ են եկել Սահմանադրությունը մերժելու նպատակով և ժողովրդին կոչ անելու՝ սկսել դիմադրության շարժում: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի՝ նախագահական նստավայր գնալու փաստը Լ.Զուրաբյանը հրաժարվեց մենաբանել. «Առանց մեկնաբանության՝ ժողովրդի համար ամեն ինչ պարզ է»:
Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը չի հանդիպի Սերժ Սարգսյանին, քանի որ Սերժ Սարգսյանն այն վիճակի է հասցրել, որ իր հետ հանդիպումը վարկաբեկիչ է. «Ժամկետները բավարար են՝ Սահմանդրական փոփոխությունների նախագծի դեմ լուրջ դիմադրություն ստեղծելու համար»: