«Պառլամենտական հանրապետությունը շատ լավն է, բայց Հայաստանի պարագայում այն մեծ վտանգներ է պարունակում». Քաղաքագետ

168.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը

– Պարոն Համբարյան, Ձեզ համար որո՞նք են Սահմանադրության նախագծի ամենամտահոգիչ կետերը:

– Դեմոկրատական երկրների մեծ մասը, իրոք, պառլամենտական հանրապետություն են, բայց այստեղ խնդիրը հետևյալն է, որ Հայաստանում ո՛չ կան արտաքին քաղաքական պայմաններ, որպեսզի այդ Սահմանադրությունը գործի լիովին, ո՛չ էլ ներքին: Պառլամենտական հանրապետություն ձևավորվում է այն երկրներում, որտեղ կան կայացած կուսակցություններ, որոնք ունեն իրենց գաղափարախոսությունը, ծրագրերը: Այդ երկրները սոցիալապես բարեկեցիկ վիճակում են գտնվում: Հայաստանի պարագայում այդ երկու գործոնն էլ բացակայում են, մեզ մոտ մինչև հիմա կուսակցական շինարարությունը չի ավարտվել:

Արտաքին խնդիրների առումով էլ՝ պառլամենտական պետություններում շատ հաճախ են տեղի ունենում կառավարության ճգնաժամեր: Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք, Հայաստանը, որն ունի այնպիսի հարևանություն, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը, ունի Արցախյան հիմնախնդիր, իրեն թույլ տա այնպիսի շռայլություններ, որ չունենանք կառավարություն: Պառլամենտական հանրապետությունը շատ լավն է, բայց Հայաստանի պարագայում այն մեծ վտանգներ է պարունակում:

Կարդացեք նաև

– Նշեցիք, որ կուսակցական համակարգը կայացած չէ Հայաստանում:  Ըստ Ձեզ՝ մեզ մոտ ընդհանրապես չկա՞ն կայացած կուսակցություններ:

– Հայաստանում կայացած և գաղափարախոսություն ունեցող կուսակցություն եմ համարում ընդամենը երկու-երեք կուսակցությունների՝ դա Հայ Հեղափոխական Դաշնակցությունն է, Կոմունիստական կուսակցությունն է,  քիչ թե շատ՝ Հանրապետական կուսակցությունը: Ես հիմա  ձեզ առաջարկում եմ՝ իջնել փողոց և 10 մարդու խնդրել 3 կուսակցության ծրագրերից և գաղափարախոսություններից ներկայացնի, ոչ ոք ոչինչ չի կարող ասել: Հասարակությունը չգիտի, որովհետև հասարակությունը չի ընտրում ԲՀԿ-ին, հասարակությունն ընտրում է Գագիկ Ծառուկյանին, հասարակությունը չի ընտրում ՕԵԿ-ին,  նա ընտրում է Արթուր Բաղդասարյանին, դա նորմալ չէ:

– Բայց պարտադի՞ր է՝ բոլոր կուսակցությունները լինեն կայացած, հնարավոր չէ՞ Ձեր նշած մի քանի կայացած կուսակցություններով ձևավորել պառլամենտական համակարգ:

– Ոչ, իհարկե ո՛չ: Հաշվի առնելով այն, որ իմ նշած կուսակցությունները շատ փոքր են՝ ընտրություններին մասնակցելու համար, և հաշվի առնելով այն, որ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ներկայացված են ԱԺ-ում, գտնում եմ, որ Հայաստանում պետք է անպայման ավարտվի այդ կուսակցական շինարարության փուլը, և հետո նոր Հայաստանը թևակոխի  դեպի պառլամենտական հանրապետություն:

– Բայց նաև կարծիքներ կան, որ այս խորհրդարանական համակարգին անցնելը կխթանի կուսակցությունների կայացմանը, Դուք դա հավանական չե՞ք համարում:

– Եթե կուսակցություններն ուզում են կայանալ, նրանք կարող են կայանալ նաև այս խառը կառավարման համակարգի դեպքում, երբ  երկիրը ղեկավարվում է պառլամենտի և նախագահի կողմից, և ընդհանրապես գտնում եմ, որ այդ համակարգի կայացման համար ամենակարևորը մեծամասնական համակարգ կոչված երևույթը հանելն է, որն իր մեջ պարունակում է շատ մեծ կոռուպցիոն ռիսկեր: Երբ մեծամասնական համակարգը չլինի, դա մեծ խթան կլինի կուսակցությունների կայացմանը:

– Պարոն Համբարյան, Սահմանադրության մեջ նաև նշվում էր, որ 2 փուլով պետք է ձևավորվի խորհրդարանը, որին նաև դեմ արտահայտվեց Վենետիկի հանձնաժողովը: Ձեզ համար որքանո՞վ է խնդրահարույց նախագծի այդ դրույթը:

– Այո, դա շատ տարօրինակ կետ էր: Եթե պառլամենտն ընտրվում է ժողովրդի կողմից, ուրեմն՝ այդ պառլամենտն առաջին փուլով պետք է ձևավորի իշխանություն, ի՞նչ է նշանակում՝ երկրորդ փուլ: Սա նորմալ երևույթ չէ, այստեղ մենք նորից ունենում ենք պառլամենտ, որտեղ, կարելի է ասել, որ մի կուսակցություն ամբողջությամբ ուզուրպացիայի է ենթարկում իշխանությունը, ինչպես մենք հիմա ունենք մեր ԱԺ-ում:

– Հաշվի առնելով, որ ընդդիմադիր շատ ուժեր ևս դեմ են սահմանադրական այս փոփոխություններին, ըստ Ձեզ՝ ինչ-որ պայքար կսկսվի՞ այդ փոփոխությունների դեմ, ինչ-որ բան կարելի՞ է ակնկալել առաջիկայում:

– Այո, կարելի է ակնկալել: Հանրությունը հիմա գնացել է հանգստի, երբ բոլորն արձակուրդներից հետ գան, սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները և ընդդիմախոսներն անպայման պետք է իրենց տեսակետները հայտնեն, դա շատ նորմալ է, և դա այդպես էլ պետք է  լինի, որպեսզի հասարակությունն ընտրություն կատարի «կողմ»-ի և «դեմ»-ի միջև:

– Բայց, եթե հիշում եք, ոչ իշխանական Եռյակի պայքարի կետերից մեկն էլ հենց սահմանադրական բարեփոխումներն էր, սակայն այն հաջողություն չունեցավ: Հիմա, այսքանից հետո, որքանո՞վ է հավանական, որ որևէ պայքար այս փոփոխությունների դեմ կունենա հաջողություն:

– Շատերը չէին պատկերացնում, որ կենսաթոշակային բարեփոխումներին հասարակությունը կունենա հաջողություն, Երևանում տրանսպորտի թանկացման դեմ պայքարում կունենա հաջողություն, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կունենա հաջողություն: Ես շատ քիչ հույսեր եմ կապում մեր քաղաքական կուսակցությունների ուժերի հետ և ավելի մեծ հույսեր եմ կապում մեր հասարակական կազմակերպությունների և ուժերի հետ, որոնք էլ ավելի լավ կարող են ներկայացնել հասարակությանը Սահմանադրության բարեփոխումների թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, որպեսզի բնակչությունն ինքը որոշի, թե ինքը որ ուղով է ցանկանում շարունակել ապրել:

Տեսանյութեր

Լրահոս