Թուրք հայտնի լրագրողը Էրդողանի մասին թվիթի պատճառով հեռացվել է աշխատանքից
Թուրք հայտնի լրագրող Կադրի Գուրզելը Milliyet թերթից հեռացվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին Twitter-ի իր էջում գրառում կատարելու համար, հայտնում է RIA Novosti-ն:
Իր գրառման մեջ լրագրողը կարծիք էր հայտնել, որ երկրի ղեկավարը պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ հանրապետությունը ԴԱԻՇ-ի կողմից ենթարկվում է ահաբեկչական հարձակումների, որոնցից վերջինը Սուրուչ քաղաքում խլել էր 31 մարդու կյանք:
«Տխուր է, որ օտարերկրյա ղեկավարները զանգահարում են մարդու, որը Թուրքիայում թիվ 1 ահաբեկչության պատճառն է, որպեսզի ցավակցեն՝ կապված Սուրուչի դեպքերի հետ»,-գրել է նա իր թվիթում:
Դրանից հետո պարբերականի ղեկավարությունը որոշել է աշխատանքից հեռացնել լրագրողին՝ դա բացատրելով նրանով, որ վերջինիս կարծիքը «պղտորել է աշխատանքային մթնոլորտը»:
«Մեր հեղինակ Կադրի Գուրզելի մեկնաբանությունը բացարձակ համատեղելի չէ էթիկայի կանոնների հետ»,-ասվում է այդ առնչությամբ տարածված հայտարարության մեջ: