Բաժիններ՝

«Ոչ թալանին» նախաձեռնությունը պատրաստավում է հրաժարականներ պահանջե՞լ

«Ոչ թալանին» նախաձեռնության պահանջների 3 կետերը չեն փոխվել՝ չեղարկել նոր սակագինը, վերանայել հինը՝ նվազեցման միտումով և պատժել հունիսի 23-ին ու հուլիսի 6-ին ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին նախաձեռնության համակարգող խմբի անդամները՝ հիշեցնելով նաև, որ այդ պահանջներն ուղղված են «Սարգսյան Սերժին և Աբրահամյան Հովիկին»:

«Եթե մեր պահանջները չիրականացվեն, ապա մենք նպատակահարմար չենք գտնի իրենց կառավարումը»,- հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը:

Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ հրաժարականներ կապահջե՞ք, Մ. Սարգսյանը կրկնեց, որ նպատակահարմար չեն գտնի իրենց կառավարումը, իսկ հետագայում կպարզաբանեն՝ ինչ է դա նշանակում:

«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի մեկ այլ անդամ Արտուշ Չիբուխչյանն էլ հայտարարեց, որ պառակտում չկա իրենց և քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև. «Չկա նման բան, քանի որ այս շարժմանը իրենց դերն են ունեցել թե՛ կուսակցականները, թե՛ ոչ կուսակցականները, քանի որ ցանկացած մարդ առաջին հերթին ՀՀ քաղաքացի է, ու պետք չէ բաժանում մտցնել»:

Կարդացեք նաև

Նախաձեռնության համակարգող խմբի մեկ այլ անդամ Ռիմա Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ հուլիսի 14-ին իրենք ունենալու են հավաք-երթ դեպի Գլխավոր դատախազության շենք, ու կպահանջեն քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր «ապօրինի կերպով հարման են տվել և իրականացրել են հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների նկատմամբ բռնությունները»: Նրանք ժամը 18:00-ին Շարլ Ազնավուրի անվան հրապարակի մոտից շարժվելու են դեպի ՀՀ գլխավոր Դատախազություն:

Մ. Սարգսյանն էլ ասաց, որ այս հավաքը շատ կարևոր է լինելու իրենց հետագա ողջ պայքարի համար. «Շատ լավ է, որ լրագրողի նկատմամբ բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել, բայց դա պետք է լինի ոչ միայն լրագրողների մասով, այլև մնացած բոլորի: 237 անձի տարել են Ոստիկանություն, բոլորի հանդեպ բռնություն, սեռական բնույթի հայհոյանքներ են եղել: Եթե Ոստիկանությունը ամեն ակցիայի ժամանակ ուժ կիրառի ու չպատժվի, հաջորդ անգամ իրենք ավելի լկտի ու սանձարձակ են լինելու՝ ոստիկանական վերնախավով հանդերձ: Շատ կարևորում ենք ամսի 14-ի հանրահավաքը, մեր հետագա պայքարի համար կարևոր երթ է լինելու դա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս