«Սթափվե՛ք, սթափվե՛ք». Վովա Գասպարյանի խոսքերով` գործընկերներին դիմեց Լևոն Զուրաբյանը
«Կարևոր խնդիրը Սերժ Սարգսյանը պատրաստ է լուծել անվտանգության հաշվին: Ո՞վ է թույլ տվել նման բան, ո՞վ է իրավունք տվել որևէ խնդիր անվտանգության հաշվին լուծել: Թե՞ սա նախատեսված է, պլանավորված է անվտանգության խնդիրները դնելու ցուցարարների վրա: Ի՞նչ է սա»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ռուսական 200 մլն դոլար վարկային համաձայնագրի քննակման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Իրականում, ըստ նրա, ՀՀ անվտանգության համար ամենամեծ սպառնալիքը թալանն է, պետական իշխանության վերից վար կոռումպացվածությունը, լծակների օգտագործումը սեփական շահերի համար:
«Սթափվե՛ք, սթափ-վե՛ք»,- Վովա Գասպարյանի խոսքերով գործընկերներին դիմեց Լ.Զուրաբյանը:
Ըստ նրա՝ այս հակամարտությունը միայն Բաղրամյան պողոտայում չէ, այլ ՀՀ ամեն ընտանիքում է. «Դուք չեք պատկերացնում, թե ժողովուրդը ինչ ատելություն է կուտակել իշխող ռեժիմի նկատամամբ»: Լ.Զուրաբյանը հիշեցրեց, որ Աժ նախագահն էլ ընդունում է, որ երկրում համընդհանուր անվստահության մթնոլորտ է տիրում ու ասել է այդ մասին:
«Նույն խրատով եմ ուզում ավարտել ելույթս՝ քանի դեռ ՀՀ-ում չկան արդար ընտրություններ, ազնիվ, պետական մտածողությամբ առաջնորդվող իշխանություն, այս հակամարտությունը շարունակվելու է»,- ասաց Լ.Զուրաբյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատեց, որ անվստահության մթնոլորտը հանելու և առանձին մատուցելու անհրաժետություն չկար. «Էդքան թալան-թալան եք ասում, եթե էդքան հեշտ լիներ, Դուք այսօր այստեղից ելույթ ունենալու հնարավորություն չէիք ունենա»: