Գարիկ Պապոյանն ամեն օր պայքարում է Բաղրամյանում. «Հուսով եմ՝ մարդկանց քանակության բազմապատկումը կստիպի, որ վարչապետը փոխի իր որոշումը»
«Ուզում եմ՝ նախաձեռնողներն իրենց նպատակին հասնեն, որովհետև այս ամեն ինչի՝ այսքան մարդ հավաքելու, առաջ տանելու ամբողջ կրեդիտները, կարծում եմ, նախաձեռնողներինն է, և ես հույս ունեմ՝ իրենց արդար պայքարը, որին մենք միացել ենq, կհասնի իր նպատակին, քանի որ սա այն դեպքն է, որ դա օգուտ է նաև հակառակ կողմին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Վիտամին» ակումբի դերասան Գարիկ Պապոյանը, ով միացել է Բաղրամյան պողոտայում՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույց և բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստների պայքարին:
Դերասանը հույս ունի, որ մարդիկ, ովքեր կարող են այս ամեն ինչում եղանակ փոխել, կտեսնեն այս պայքարողների «ամբողջ անկեղծությունը» ու կընդառաջեն:
Մեր հարցին՝ նախկինում էլ են տարբեր նախաձեռնություններ տարբեր խնդիրների դեմ պայքարել, ի՞նչն է պատճառը, որ այս պայքարը նման մեծ թվով մարդկանց ներգրավեց, Գ. Պապոյանն այսպես պատասխանեց. «Ցանկացած ինքնաբուխ պայքար պարզ է միայն այն մադկանց համար, ովքեր նախաձեռնել են, իսկ նրանց համար, ովքեր պետք է միանան՝ մի քիչ ժամանակ է պետք, որ հասկանան դրա իսկական պատճառները, հասկական, թե դրա տակ ինչ է թաքնված: Շատ դժվար է տանից ուղղակի լրատվամիջոցներին հետևելով` հասկանալ, թե կոնկրետ պայքարի հիմքում ինչն է ընկած, և մի քիչ ժամանակ է տևում, որ մարդիկ այդ իրենց մեջ եղած կասկածները մարում են, և թեկուզ այդ հնչած կոչերը համապատասխանում են իրենց կարիքների հետ: Երբ տեսնում են, որ ամեն ինչը մաքուր է և ճիշտ, գալիս են իրենց քաղաքացիական բողոքը միացնում են կոնկրետ նախաձեռնությանը»:
Ըստ նրա՝ սա այն դեպքն է, երբ երկար ժամանակ մարդիկ հետևելով՝ տեսան, որ պայքարը քաղաքական ինչ-որ ենթատեքստ չի կրում, սա բոլորին է օգուտ. «Սա, վերջիվերջո, մեր երկրի համար է, երիտասարդներ են, ովքեր եռանդով այս ամեն ինչին միացած են, մարդիկ են, ովքեր կասկածելի անցյալ չունեն, ու այդ բոլորը գումարելով իրար՝ մարդիկ գալիս և միանում են: Սա երևի հենց քաղաքացիական հիմքում ընկած պայքարի արդյունք է, որ մարդիկ միանում են այս պայքարին»:
Հարցին՝ ինչքանո՞վ է հավանական, որ պայքարողները կհաղթեն՝ հաշվի առնելով, որ վարչապետը երեկվա կառավարության նիստում հայտարարեց, որ չեն փոխելու իրենց որոշումը, «Վիտամինի» Գարիկն այսպես պատասխանեց. «Ես հուսով եմ, որ վարչապետը կփոխի որոշումը, ու, եթե մինչև այս պահը մարդանց քանակը ստիպել էր, որ մեր իշխանությունները փորձեին բանակցությունների գնալ, քանակության բազմապատկումը կստիպի, որ վարչապետը փոխի իր որոշումը»:
Նա հույս ունի, որ օրեցօր կշատանա պայքարողների թիվը, բայց չի ուզում, որ սա երկար տևի: Նա ցանկանում է, որ պայքարը լինի առանց զոհերի ու չվարկաբեկի Հայաստանի ու մեր ժողովրդի վարկանիշը:
Գ. Պապոյանը նաև նշեց, որ ինքն ամեն օր գալիս է Բաղրամյան պողոտա ու միանում պայքարողներին:
«Ես մի բան հաստատ գիտեմ, որ մարդիկ պատասխանատու են ոչ միայն իրենց արածների համար, այլև՝ չարածների, ու ես չեմ ուզում, որ չանեմ մի բան, որի պատասխանը չեմ կարող տալ»,- ասաց մեր զրուցակիցը:
Մանրմասները՝ 168.am–ի տեսանյութում: