«Կարծում եմ՝ նախագահը կասի՝ «Հովիկ ջան, սիրուն չի». Գառնիկ Իսագուլյան

Արդեն մեկ շաբաթ է` «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը և հազարավոր քաղաքացիներ համառ պայքար են սկսել` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Պայքարի առաջին 3 օրն անցավ Ազատության հրապարակում, որտեղ ակտիվիստներն օր ու գիշեր նստացույց էին անում, հետո պայքարը տեղափոխվեց Բաղրամյան պողոտա, որտեղ նստացույցին միացողների թիվն օրեցօր շատանում է:

168.am-ի հետ զրույցում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով նույնպես Բաղրամյան պողոտայում էր, ասաց, որ ինքն այս օրերի ընթացքում տեսավ, որ հայաստանյան քաղաքական ուժերը, դրսի ուժերը, նաև իշխանությունները փորձում են որոշակի ազդեցություն և ուղղվածություն տալ շարժմանը, բայց, «ի պատիվ նախաձեռնող խմբի, ի պատիվ նրանց, ովքեր ներգրավված են այս շարժման մեջ, նրանք բոլոր պարագաներում ձեռնպահ են մնում, ասում են, որ իրենց խնդիրը շատ հստակ է, ու, որ իրենք պայքարում են այդ խնդրի լուծման, կարգավորման համար»:

Գ. Իսագուլյանի խոսքով՝ կարելի է միանշանակ ասել, որ շարժումը որևէ մեկի կողմից չի ուղղորդվում: Ըստ նրա՝ ժամանակն է, որ հանրապետության նախագահն արդեն իսկ արձագանքի. «Որովհետև կառավարության երեկվա հայտարարությունն արդեն ասում էր, որ կառավարությունն ուրիշ ճանապարհ չի տեսնում»,- նշեց Գ. Իսագուլյանը:

Մեր հարցին՝ ըստ Ձեզ՝ նախաձեռնող խումբը պայքարի ճի՞շտ ձև է ընտրել՝ հաշվի առնելով, որ բացառում են որևէ բանակցություն իշխանությունների հետ, Գ. Իսագուլյանը պատասխանեց. «Շատ լավ է, որ տղաները (նախաձեռնող խմբի.- Ա.Ք.) քաղաքականացված չեն: Նրանք տեսնում են, որ ոչ մի նման կարգի բանակցություն արդյունքի չի բերել: Ես, իհարկե, չեմ կարծում, որ ճիշտ է նրանց առաջարկած մոդելը, որ հանրապետության նախագահը գա բոլոր ցուցարարների ներկայությամբ բանակցություններ վարի: Բայց այն, որ առաջարկում են տղաները, որ հասարակությունը հավաքվի Բաղրամյան 26-ի դիմաց, որից հետո իրենք կմտնեն ներս՝ առնվազն 3 հեռուստաալիքների ուղիղ եթերի ներքո կվարեն բանակցություններ, շատ կարևոր է: Այս տղաները, որ մի բան երաշխավորում են, իրենց խոստումը կատարում են: Ես կարծում եմ՝ այդ զրույցի ժամանակ հանրապետության նախագահն իրավիճակի ամենաճիշտ լուծումը տալու համար կարող է գալ մի լուծման, այն է՝ հանձնաժողովը չեղարկի իր կայացրած որոշումը»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության երեկվա նիստում հայտարարեց, որ չեն փոխելու իրենց որոշումը, ինչպես նաև օրենքը մեղմելու համար նախագծով հանդես եկավ, ըստ որի՝ մոտ 2000 դրամի չափով նպաստ է տրվելու անապահով ընտանիքներին:

Գ. Իսագուլյանը, անդրադառնալով վարչապետի այդ հայտարարությանը, ասաց. «Կարծում եմ՝ հակառակը պետք է անել. կառավարության անդամներին ամեն ամիս 2000 դրամ նպաստ տալ, քանի որ տհաճ է, երբ իրենք 105 հազար ընտանիքի համար կամ 300-400 հազար մարդու օրական 100 դրամ փող տան: Ամոթ է, կառավարության վարչապետը նման հայտարարություն է անում՝ կարծես փորձելով մեղմել այն խնդիրները, որոնք այսօր առկա են»:

Հարցին՝ վարչապետի այդ հայտարարությունից հետո՝ որքանո՞վ է իրատեսական, որ պայքարը հաջողության կհասնի, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ դրանից հետո բավական է, որ նախագահն ասի՝ «Հովիկ ջան, սիրուն չի», և Հովիկը հանգիստ կնստի իր տեղը»: Բայց արդյոք նախագահն այդպես կասի՞: «Կարծում եմ՝ կասի, քանի որ մենք այլ լուծում չենք տեսնում»,- ասաց Գ. Իսագուլյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս