«Մեզ չենք կարող թույլ տալ, որ այս երիտասարդների պայքարը վերածեն հայ-ռուսական հարաբերությունների խաթարման». Գուրգեն Եղիազարյան
Ինչպես 4 տարի առաջ «բերաններին փրփուր» համոզում էին, որ եթե չթանկացնեն տրանսպորտը, Երևանը կոլապսի կենթարկվի, այնպես էլ հիմա են խոսում էներգետիկ համակարգի մասին, սակայն մեր պանծալի երիտասարդները հաղթեցին այդ «վաշխառու տզրուկներին» և չթողեցին, որ թանկացում լինի:
Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Գալով մեր օրեր՝ Գ.Եղիազարյանը հարցադրում արեց, թե ինչի՞ են համաձայնում 6.9 դրամի վրա, ու, եթե կարողանում են այդքանով պրծացնել ժողովրդին, ինչի՞ են խոսում 17 դրամի մասին:
«Հիմա մեր պանծալի երիտասարդները դուրս են ելել պայքարի և նրանք արդեն հաջողության հասել են, ու իշխանությունները պետք է մտածեն լուծում գտնելու մասին: Այդ օղակը պետք է կրկին ՀՀ սեփականություն դառնա, այլ ելք ես չեմ տեսնում»,- ասաց Գ.Եղիազարյանը:
Նա նշեց, որ սադրիչ ուժեր կան, եթե ուշադիր չլինեն, կրկնվելու են Տրիպոլին, Բենգազին, Կիևը. «Հայաստանը շատ փոքր է, և մեզ չենք կարող թույլ տալ, որ այս երիտասարդների պայքարը վերածեն հայ-ռուսական հարաբերությունների խաթարման, ու կփորձեն այս ամենը ուրիշ հունի վրա դնել»: