Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ռայներ Մորելին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի ու ակտիվ համագործակցության համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Ընդգծելով, որ Գերմանիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար՝ վարչապետը բարձր է գնահատել դիվանագետի անձնական ներդրումը հայ-գերմանական կապերի ակտիվացման ու սերտացման գործում:

Դեսպան Մորելն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ և´ ԱԺ նախագահի, և´ վարչապետի պաշտոնում կառուցողական համագործակցության համար, արդյունավետ համարել մեր երկրում պաշտոնավարման տարիները և նշել, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի ու ժողովրդի հետ: Դիվանագետը նշել է, որ Գերմանիան կարևորում է Հայաստանի հետ համագործակցության խորացումը և համոզմունք հայտնել, որ հայ-գերմանական հարաբերություններն այսուհետ ևս դինամիկ կզարգանան:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի շուրջ

Տեսանյութեր

Լրահոս