Բաժիններ՝

Միայն մի դեպքում կարող է սակագինը վերանայվել

Մեր զրուցակիցն է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը

– Պարոն Նազարյան, տեղեկություն էր տարածվել, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ երեկ խորհրդակցություն է եղել՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ առկա իրադրության կապակցությամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ես նախօրոք պլանավորված խորհրդակցության եմ գնացել վարչապետի մոտ, դա որևէ կապ չունի ո՛չ էլեկտրաէներգիայի սակագների հետ, ո՛չ էլ այսօրվա իրադարձությունների հետ:

– Իսկ այսօրվա իրադրության հետ կապված քննարկումներ ընդհանրապես եղե՞լ են, լուծումներ փնտրվո՞ւմ են:

– Մենք մեր դիրքորոշումը՝ որպես կոլեգիալ մարմին հայտնել ենք հրապարակային և ասել ենք` հիմնավորումները որոնք են: Այլ քննարկումներ որևէ մեկի հետ չեն եղել: Նախքան այդ էլ եղել են բազմաթիվ լսումներ, քննարկումներ հասարակական կազմակերպությունների հետ, Ազգային ժողովում լսումների ժամանակ և՛ հ/կ-ների, և՛ խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կային, բոլորին հետաքրքրող հարցերին մենք փորձել ենք պատասխանել ու մեր տեսակետը ներկայացնել:

– Ամեն դեպքում իրավիճակը շատ լարված է, անգամ ՀՀ նախագահի հետ հանդիպումն են մերժում ցուցարարները: Չե՞ք կարծում, որ անհրաժեշտություն կա, գուցե Դուք նախաձեռնեք Սերժ Սարգսյանի հետ հանդիպում, կամ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է անհրաժեշտ իրավիճակին լուծում տալու համար:

– Ես քաղաքական գործիչ չեմ, ոչ էլ որևէ կուսակցության ներկայացուցիչ եմ: Իրավիճակը, ինձ թվում է, ես չպիտի որ գնահատեմ կամ ես նախաձեռնություն ցուցաբերեմ: Մենք հրապարակային, թափանցիկ մեր մասնագիտական գործն արել ենք` մեր գործառույթներից պայմանավորված ընթացակարգերը պահպանելով, և ասել ենք մեր դիրքորոշումը և նիստ ենք արել, որտեղ ներկա էին 42 լրատվամիջոց, պատգամավորներ, հ/կ-ներ, ով ինչքան ուզեցել է խոսել, հարց տալ, բոլոր հարցերին համբերատար պատասխանել ենք: Այլ լրացուցիչ ես ի՞նչ քայլ անեմ, ես չեմ կարողանում հասկանալ:

– Եթե իշխանությունը որոշի կատարել քաղաքացիների պահանջն ու այլ լուծում փնտրել, ի՞նչ մեխանիզմով կարելի է որոշումը չեղյալ հայտարարել:

– Ե՛վ Ազգային ժողովի լսումների ժամանակ, և՛ իմ բոլոր հրապարակային ելույթների ժամանակ ես ասել եմ, որ 6.93 դրամը որոշակի գումար է պահանջում: Եթե որևէ մեկը պաշտոնապես աղբյուրը ցույց կտա ու կասի՝ «Ձեր հաշվարկներում այդ 6.93 դրամի համապատասխան գումարը հանեք, որովհետև այդքան գումարով մենք կսուբսիդավորենք այս սակագնային տարին», մենք նոր կարող ենք գործընթաց սկսել ու վերանայել, ինչպես եղավ գազի սակագնի վերանայման ժամանակ, երբ ես վարչապետից ստացա համապատասխան պաշտոնական գրություն, որ «սահմանի վրա գազի գինը 270-ի փոխարեն` հաշվարկների մեջ հիմք ընդունեք 189-ը, մենք ռուսական կողմի հետ բանակցություններ ենք վարում և առաջիկայում կփորձենք մեխանիզմներով առաջարկել Ձեզ, թե որ աղբյուրից է 270-ը սահմանին դառնում 189», միայն այդ դեպքում կարող է վերանայման հարցն առաջ գալ:

– ԱԺ-ում լսումների ժամանակ խոսեցիք ՀԷՑ-ի դեմ վարույթի մասին: Կմանրամասնե՞ք` դա ինչ է:

– Մենք հիմա ունենք վարչական վարույթներ այլ թեմաներով, երևի մի 10 օր հետո մենք օրակարգը կտեղադրենք մեր ինտերնետային կայքում և համապատասխան վարույթ կսկսենք, նիստը դռնբաց է, ով կցանկանա, կարող է գալ-մասնակցել: Վարույթները վերաբերում են այլ գործընթացին, որտեղ իրենք, մեր ընդունած կարգերը շրջանցելով, խախտումներ են արել, և դրա շուրջ մենք համապատասխան վարչական վարույթներ ենք իրականացրել:

– Դա կարո՞ղ է հանգեցնել ընկերությանը լիցենզիայից զրկելուն:

– Մենք ունենք պատժամիջոցների մի քանի ձևեր, սկզբում՝ նախազգուշացում, ֆինանսական տույժեր, կասեցում և զրկում: Երբ ընկերությունն օրենքն է խախտում, միայն այդ ժամանակ կարող ենք լիցենզիայից զրկման մեխանիզմներ կիրառել: Եթե մեր կարգերը մի քանի անգամ խախտում է, լիցենզիան կասեցնում ենք, թույլատրում ենք լիցենզավորված գործունեությունը շարունակել, բայց ժամկետ ենք տալիս, որի ընթացքում պետք է թերությունները վերացնեն: Եթե չկատարեն, նոր միայն կարող է գնալ լիցենզիայից զրկման գործընթաց: Դրանք շատ բարդ և լուրջ հիմնավորումներ ունեցող ընթացակարգեր են, որը, եթե չպահպանենք, վաղը կարող է դատի տան, և մենք պարտվենք: Դրա համար պետք է լինենք շատ զգույշ և շատ հիմնավորված մեր գործողությունների մեջ:

– ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Բիբինն այս օրերին Մոսկվայում է, Դուք տեղյա՞կ եք՝ իր այցելությունը կապվա՞ծ է ստեղծված իրավիճակի հետ:

– Չեմ կարող ասել, Բիբինին ես վաղուց չեմ տեսել, մոտ 1 ամիս և ավելի:

– Իսկ ՌԱՕ ԵԷՍ-ից որևէ արձագանք ունե՞ք, կապ հաստատե՞լ են Ձեզ հետ:

– Ոչ, որևէ մեկը չի կապվել, չի խոսել ինձ հետ, որևէ հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել ոչ միայն` ինձ հետ, այլև` մեր աշխատակազմի մյուս անդամների հետ:

– Մոսկվան աչալուրջ հետևում է այստեղ տեղի ունեցող իրադարձություններին: Դուք ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի արձագանքը:

– Ես Մոսկվայի լրատվամիջոցներին հետևել եմ, մտահոգությունն այս ցույցերով է պայմանավորված: Կարծում եմ՝ իրենք ընդամենն արձանագրում են իրավիճակը, մեկ-մեկ որոշ լրատվամիջոցներ փորձում են այս ակցիայի մեջ արևմտյան մոտեցում ցույց տալ: Կարող եմ ասել, որ դա միանգամայն սուտ է, որովհետև ես որ տեսնում եմ մեր երիտասարդներին, որոնք ինքնաբուխ, ինքնակազմակերպման եղանակով դուրս են ելել ոտքի, դա չի կարող որևէ մեկի կողմից ուղղորդված լինել:

– Իսկ Դուք գնացե՞լ եք Բաղրամյան պողոտա երիտասարդների մոտ, կամ պատրաստվո՞ւմ եք:

– Չէ, չեմ գնացել, բայց որ իրենք ցանկություն ունենան, որ ես իրենց հետ հանդիպեմ, սիրով կհանդիպեմ և իրենց ցանկացած բարձրացրած հարցին միայն մասնագիտական դաշտում կպատասխանեմ, որովհետև իրենք հարցը ձևակերպել են, որ իրենց հետաքրքիր չի՝ ճիշտ են հաշվել, սխալ են հաշվել, ասում են՝ ոչ մի լումա, ու վերջ: Բայց եթե իրենք ցանկություն ունենան մեզ հետ նստել, ամբողջությամբ խորը վերլուծություններ անել, մենք պատրաստ ենք իրենց տրամադրել և՛ մասնագետներ, և՛ տարիներով ձևավորված մեր ամբողջ բազաները, ամեն ինչ, և համբերատար փորձել տալ ցանկացած հարցին մասնագիտական և խորը վերլուծության արդյունքում մեկնաբանություններ և բացատրություններ:

– Քաղաքացիները ոչ թե հիմնավորումներ են ուզում լսել, այլ դեմ են ցանկացած թանկացման:

– Այդ դեպքում, եթե այդպես են հարցը դնում, դա սոցիալական է:

– Այնուամենայնիվ, եթե Սերժ Սարգսյանը, ինչպես Մաշտոցի պուրակում եղավ, ասաց՝ «սիրուն չի», այս դեպքում էլ…

– Նրա հետ մի կապեք, դրանք տարբեր հարցեր են: Միայն մի դեպքում կարող է վերանայում լինել՝ եթե ստանանք որևէ պաշտոնական գրություն՝ մատնանշելով աղբյուրը այն գումարի, որի չափով մենք սակագին ենք վերանայել: Նա ուրիշ բան էր, լրիվ այլ՝ քաղաքաշինական խնդիր էր՝ չեք կառուցում այստեղ էդ բուտիկները, և վերջ: Բայց սա ուրիշ բան է, նորից եմ կրկնում, մենք արել ենք այն մինիմալ հաշվարկները, որ դրանից ներքև այն խնդիրը, որ մեր առջև դրված է՝ էներգահամակարգի հուսալի, անվտանգ էներգամատակարարում ամբողջ մեր Հայաստանի Հանրապետության բաժանորդներին, ապա դա կխաթարվի և դա մեր ամենամեծ պատասխանատվությունն է, ինչը մենք արել ենք, և որի համար ես պատրաստ եմ ցանկացած մասնագետի հետ նստել, հաշվարկներ կատարել, բացատրել մեր մոտեցումները, իջնել տարիների խորքը, բազաները նայել, գալ մինչև էսօրվա օրերը և որևէ լումա՝ պայմանավորված ճոխություններով՝ ինչպես ասում են, գողություններով՝ ինչպես ասում են, ես «գողություն» բառը շատ վերապահումով եմ ուզում ասել, վատ մենեջմենթով՝ ինչպես ասում են, դրանք բոլորը գնացել է իրենց շահույթի հաշվին, և դրա արդյունքում վնասներ են կրել իրենց սեփականատերերը: Դա իր արտացոլումը չի գտել սակագնի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս